ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը տեղեկացնում է. «Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում Մասիսի քաղաքապետն (լուսանկարում) ու փոխքաղաքապետը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը Aravot.am-ի հետ զրույցում հերքել էր, թե մասնակցել է այդ անկարգություններին. «Ես չկամ տենց բանի մեջ, քուրիկ ջան զբաղված եմ, ասում եմ՝ չկամ տենց բանի մեջ»:
Հերքել էր նաեւ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը: «Բացառված է»,- Aravot.am-ին ասել էր քաղաքապետը:
Ապրիլի 25-ին Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ «ապրիլի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևանի Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում երթ իրականացնելիս, դիմակավորված անձինք հարձակվել են իր և երթի մասնակից մի շարք քաղաքացիների վրա, քարերով, մահակներով և էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետևանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել են մարմնական վնասվածքներ»։