ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Նույֆել Թելահիգի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցում էին նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, հիմնադրամի տեխնիկական գծով ղեկավար Փիթեր Քրիսթիանսենը և պաշտոնատար այլ անձինք:
Ողջունելով ներկաներին՝ նախարար Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության զարգացման տեսլականը՝ մասնավորապես կարևորելով փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների զարգացումը և շուկաների ու դրանց համար ֆինանսական միջոցների հասանելիության ապահովումը: Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, անասնապահության զարգացմանը, տեղական գյուղմթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև չմշակվող հողերի խնդրին:
Նույֆել Թելահիգը վերահաստատել է պատրաստակամությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ նոր ծրագրերի մշակման և իրականացման գործում, որոնք համահունչ կլինեն ոլորտի ներկայիս առաջնահերթություններին և գերակա խնդիրներին:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին