Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արտաքին գործերի փոխնախարար Արմեն Պապիկյանն ասաց, որ հունիսի 1-ից ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրույթների մի մասը՝ մոտ 80 տոկոսը, մտնելու է ուժի մեջ, բայց ակնկալել, որ հունիսի 2-ից մեր կյանքում որեւէ բան կփոխվի, դա միամտություն է. «Դա գործընթաց է, որ պետք է շարունակվի: Հուսով եմ, որ կամաց-կամաց այն հանձնառությունները, որ երկկողմանի վերցրել են իրենց վրա կողմերը, կյանքի կկոչվեն»:
Թե այդ 80 տոկոսը ինչ փոփոխություններ է բերելու եւ ինչ ժամկետում՝ փոխարտգործնախարարը պատասխանեց. «Որպեսզի համաձայնագիրը լիարժեք մտնի ուժի մեջ, պետք է նախեւառաջ այն վավերացվի ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից, իսկ այս պահի դրությամբ վավերացրել են մերձբալթյան երեք երկրները: Ինչ վերաբերում է այն ուղղություններին, թե որոնք պիտի կիրարկվեն, համաձայնագիրը շատ մեծ է՝ 700 էջ է, ու անդրադառնալ հատ առ հատ կամ առաջնայնություն տալ որեւէ մեկին՝ ես կդժվարանամ»:
2018-20 թվականների համար ԵՄ-ն Հայաստանին 176 մլն եվրո դրամաշնորհ է տրամադրելու Ըստ փոխնախարարի, ասել, թե այդ 176 մլն-ը ինչ արդյունք կտա՝ հիմա չեն կարող, պետք է սպասել:
Երկրում տեղի ունեցած փոփոխությունը չի՞ նպաստել, որ ԵՄ անդամ երկրներ գործընթացը արագացնեն եւ արագ վավերացնեն՝ փոխարտգործնախարարը պատասխանեց, որ դրա գնահատականը ԵՄ գործընկերները պետք է տան, ոչ թե արտգործնախարարությունը: Բայց նա հույս հայտնեց, որ այդ գործընթացները կնպաստեն ավելի արագ վավերացմանը:
ԵՄ-ի տրամադրած միջոցների մասին խոսելով՝ փոխնախարարը հարցին, թե ի՞նչ պետք է անի Հայաստանը, որ ավելի շատ գումար ստանա՝ պատասխանեց, որ մենք ունենք մի շարք հանձնառություններ՝ մարդու իրավունքներ, բարեփոխումներ տարբեր բնագավառներում եւ եթե դա անենք, կարող ենք ակնկալել ավելին՝ ավելիի դիմաց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ