Դեռ 2016 թվականին, երբ ընթանում էին նոր կանոնակարգի շուրջ քննարկումները, Նաիրա Զոհրաբյանն առաջարկել էր, որպեսզի խորհրդարանական որեւէ խմբակցության պատգամավորները, որոնք դուրս կգան, պետք է նաեւ վայր դնեն մանդատը։ Նշենք, որ 2015 թվականի փետրվարյան հայտնի դեպքերից հետո այդպիսի խնդրի առջեւ էին կանգնել նաեւ ԲՀԿ խմբակցության անդամները, երբ մեծամասնական ընտրակարգով ընտրված մի քանի պատգամավորներ լքեցին Ծառուկյանին, դուրս եկան ԲՀԿ-ից, սակայն կարողացան պահել մանդատը։ Ավելի վաղ՝ 2004թ. ձեւավորված խորհրդարանում այդպես եղավ ՕԵԿ-ի հետ, երբ այն ժամանակ այդ կուսակցությունը լքեց կոալիցիան, զանգվածային առնետավազք տեղի ունեցավ։
Եվ ահա այժմ ՀՀԿ-ն է կանգնել այդպիսի խնդրի առջեւ, սակայն որեւէ փոփոխություն չի կարող կատարել, քանի որ դա կհակասի Սահմանադրությանը։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, հիշելով իր առաջարկի եւ մերժման պատճառների մասին, նշեց. «Եթե հիշում եք, երկու տարի առաջ ես առաջարկեցի, որ կատարվի փոփոխություն, որ եթե պատգամավորը դուրս է գալիս խմբակցությունից, այսինքն՝ նշանակում է նաեւ կուսակցության քաղաքական գծի հետ տարաձայնություն ունի, ապա ինքը պետք է վայր դնի պատգամավորական մանդատը։ Եվ եթե հիշում եք, Հանրապետական կուսակցությունը սրերը բարձրացրեց վերեւ, եւ հայտարարեցին, որ ես հակասահմանադրական հայտարարություն եմ անում, եւ նման առաջարկությունը կլինի հակասահմանադրական։ Եվ այսօր, կարծում եմ, իրենք կհիշեն իմ առաջարկը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում