Վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվորեն շրջանառվում էր Լեզվի պետական տեսչության լուծարման հարցը, իսկ Լեզվի կոմիտե ստեղծելու կառավարության որոշումը կարծես եղավ դրա տրամաբանական շարունակությունը։
Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ գործառույթների փոփոխություններ են լինելու կոմիտեի ստեղծվելուց հետո, որոնց մասին ամրագրված է «Լեզվի մասին» օրենքում։ Այժմ կոմիտեի նոր կանոնադրությունն են նախապատրաստում, որովհետեւ պետք է նոր կանոնադրություն ընդունվի՝ նոր գործառույթների հիման վրա. «Հիմա մենք այդ փոփոխություններն ենք կատարում, որպեսզի կառավարությունն առաջիկայում հաստատի, եւ մենք ունենանք Լեզվի կոմիտե՝ իր նոր գործառույթներով»։
Լեզվի տեսչության հիմքի վրա՞ է կոմիտեն ստեղծվելու, տեսչության նախկին աշխատակազմը պահպանվելո՞ւ է։ Երիցյանը նշեց, որ սկզբունքորեն լինելու է նոր մարմին, աշխատակազմի նոր քանակով, նոր գործառույթներով եւ նոր առաքելությամբ. «Սկզբունքորեն լինելու է Լեզվի պետական տեսչության իրավահաջորդը, բայց, բնականաբար, նոր կանոնադրությունը ենթադրում է նոր փոփոխություններ, նոր գործառույթներ, նոր վարչություններ, նոր բաժիններ։ Այսինքն՝ այս գործընթացը կախված կլինի կանոնադրական խնդիրներից, իսկ կանոնադրությունն էլ իր հերթին բխում է օրենսդրական փոփոխություններից, որն իրականացվում է, որպեսզի ստեղծվի այդ մարմինը»։ Դուք Ձեր տեղում կմնա՞ք կոմիտեի ստեղծումից հետո՝ հետաքրքրվեցինք Սերգո Երիցյանից։ «Կանոնադրությունը հաստատելուց հետո ամեն ինչ պարզ եւ հասկանալի կլինի»,- ասաց նա։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում