Հայաստանցի եւ ռուսաստանցի մի շարք փորձագետներ տարիներ շարունակ պնդում են, որ վաղուց ժամանակն է արցախյան կողմին ներգրավել բանակցություններին։ Ամերիկացի փորձագետները փոքր-ինչ այլ կերպ են մոտենում հարցին։
Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, Ջորջ Մեյսոն համալսարանի հրավիրյալ պատվավոր պրոֆեսոր Ռիչարդ Կոզլարիչը մեզ հետ զրույցում նշեց, որ, իր կարծիքով, հակամարտությունն ունի երկու կողմ՝ Հայաստան եւ Ադրբեջան։ «Երբ Բաքուն եւ Երեւանը հասնեն կարգավորման, միայն այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները պետք է մասնակից դառնան խաղաղության համաձայնագրի իրականացմանը։ Քանի դեռ թե՛ Երեւանը եւ թե՛ Բաքուն պատրաստակամություն չեն հայտնում վարելու լուրջ բանակցություններ՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը, ինձ անհանգստացնում է պատերազմի վերսկսման հավանականությունը»,- նշեց Կոզլարիչը։
ԱՄՆ պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ ժողովուրդների հարցերի փորձագետ, Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլի կարծիքով՝ Երեւանը եւ Բաքուն պետք է բանակցեն իրար հետ՝ առանց երրորդ կողմի ներգրավման։
«Խաղաղության գործընթացը հաճախ խոչընդոտում է խաղաղությանը։ Կարծում եմ՝ Երեւանը եւ Բաքուն պետք է խոսեն իրար հետ՝ առանց որեւէ այլ կողմի մասնակցության։ Եթե գործընթացին ներգրավվում է որեւէ այլ կողմ՝ լինի Ռուսաստանը կամ Ստեփանակերտը, դա կսահմանափակի ուղիղ բանակցություններ վարելու հնարավորությունը»,- մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց ամերիկացի վերլուծաբանը։
Բայց չէ՞ որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմերից մեկն է, որը ստորագրել է 1994 թ. զինադադարի համաձայնագիրը։ Ինչպե՞ս եք պատկերացնում երկարաժամկետ եւ համակողմանի խաղաղություն՝ առանց Ստեփանակերտի համաձայնության։ Մեր այս հարցին Փոլ Գոբլը պատասխանեց. «Ես կասկածում եմ, որ այս հակամարտությունը երբեւէ կարող է կարգավորվել, բայց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այս վեճի առանցքային հարցն է, եւ այդ հարցը պետք է լուծեն միայն Բաքուն ու Երեւանը՝ ընդհանուր համաձայնությամբ հայացք գցելով Ստեփանակերտին»։
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Իսկ ինչու՞ ոչ ոք չի անդրադառնում Ադրբեջանից հայ փախստականների հարցին: Նրանց հետ ո՞վ պետք է համաձայնության գա: