Այսօր ԱԺ-ում 2017-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանին հարցրեց՝ 2017-2020-ին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ֆինանսավորվել է 176 մլն դոլար բյուջեով: Այս ֆինանսավորման կառուցվածքը, նպատակները որո՞նք են եղել: Բագրատյանն ասաց, որ ՀՀ-ԵՄ համագործակցության ֆինանսավորումը նվազ է Վրաստանի հետ համագործակցության չափից: Պապիկյանը պատասխանեց, որ Վրաստանի հետ ԵՄ-ի համագործակցության շրջանակը տարբեր է, դրանով է պայմանավորված նաեւ ֆինանսավորման տարբերությունը: Նրա խոսքով՝ ԵՄ-ում կա ավելին՝ ավելիի դիմաց տրամաբանությունը, ասել է թե՝ եթե գործընկեր երկիրը բարեփոխումների շրջանակներում ավելին է անում, կարող է ակնկալել ԵՄ-ի կողմից շատ ավելի մեծ ֆինանսավորում:
Ինչ վերաբերում է 176 մլն դոլարին, դրա մեջ մտնում են թե՛ բյուջետային, թե՛ դրամաշնորհային ծրագրեր: Եթե ՀՀ-ն լուրջ առաջընթաց գրանցի ժողովրդավարության, համաձայնեցված բարեփոխումների ոլորտում, կարող է ավելի մեծ գումար ստանալ:
Բագրատյանը հարցրեց՝ դա հին կառավարության օրոք էր, հիմա հաշվի առնելով ժողովրդավարացման գործընթացները, հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ բացի այդ «հովանոցային» ծրագիրը, ֆինանսավորումն ավելացվի նաեւ այլ ծրագրով, փոխնախարարը պատասխանեց, որ իր մասնավոր կարծիքով, 2018-ի ֆինանսական տարվա համար նախատեսվում է 36 մլն եվրո, ներկայումս կա հնարավորություն, որ դա կավելացվի եւս 10 մլն եվրոյով, բայց դա պիտի կիրառվի «ավելին՝ ավելիի դիմաց»: Եթե բանակցություններում գան այն կետին, որ ՀՀ-ն կարող է անել ավելին՝ կստանանք ավելին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ