ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ: Ինչպես հաղորդում է CNN-ը, Քարդաշյանը հանդիպել է նաև Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ, որը նաև նրա խորհրդականն է:
«Հրաշալի հանդիպում եմ ունեցել այսօր Քիմ Քարդաշյանի հետ, զրուցել ենք բանտային բարեփոխման ու դատավճիռների կայացման մասին»,- գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ի իր էջում:
Քարդաշյանը, որը կրել է սև կոստյում և վառ դեղին բարձրակրունկ կոշիկներ, Սպիտակ տանից հեռացել է մոտ մեկ ժամ հետո: Նրա Chevrolet SUV ավտոմեքենան կայանված է եղել Սպիտակ տան տարածքում, ինչը CNN-ը բնորոշում է որպես քաղաքավարության և հասանելիության զարմանալի մակարդակ, քանի որ Սպիտակ տան VIP հյուրերը սովորաբար իրենց մեքենաներին հասնելու համար պետք է դուրս գան դարպասներից:
Քարդաշյանն աջակցում է բանտարկյալ Ալիս Մարի Ջոնսին, որն ավելի քան 20 տարի անցկացրել է բանտում և խնդրում է համաներում շնորհել նրան: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նախագահ Թրամփին իր ժամանակը տրամադրելու համար: Հույս ունենք, որ Նախագահը համաներում կշնորհի տիկին Ալիս Մարի Ջոնսոնին, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել թմրանյութերի հետ կապված հանցագործության համար: Լավատես ենք տիկին Ջոնսոնի ապագայի հանդեպ և հույս ունենք, որ նա և նրա նման շատերը երկրորդ հնարավորություն կստանան կյանքում»,-գրել է Քարդաշյանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ