Օրեր առաջ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն իր հարցազրույցում նշել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը Ղարաբաղյան հակամարտության կողմ է, սխալ ձեւակերպում է։ Պարզաբանման համար մեկնաբանություն ենք խնդրել 1991-1997 թթ. ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պատմաբան, դիվանագետ, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանից։
– Պարոն Լիպարիտյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մի մտքի շուրջ փոքրիկ բանավեճ եղավ։ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, թե վարչապետը սխալվում է, Հայաստանը հակամարտության կողմ չէ: Այս հարցին արձագանքեց եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է: Դուք ինչ կարծիքի եք։
– Եթե Վիգեն Սարգսյանը կարծում է, որ Հայաստանը հակամարտության կողմ չէ, ինչու՞ պաշտպանության նախարար էր մի նախագահի օրոք, որը Ղարաբաղի հարցով բանակցել է ուղղակի որպես հակամարտության կողմ ներկայացնող երկրի նախագահ։ Եվ դրանից առաջ էլ երկու նախագահները նույնն են արել։ Նրանք բանակցել են ուղղակի։ Եթե Հայաստանը կողմ չէր, ՀՀ նախագահները պետք է ասեին՝ մենք գործ չունենք սրա հետ, ԼՂ-ն պիտի հայտարարեր՝ Հայաստանը գործ չունի, պիտի ինձ հետ բանակցեք։
Ինձ համար մի քիչ զարմանալի է, որ Վիգեն Սարգսյանը նման հայտարարություն է արել։ «Որտեղի՞ց բերեց դա։ Չի կարող Հայաստանը հակամարտության կողմ չլինել, երբ Հայաստանն է ճանաչված պետություն եւ ոչ Ղարաբաղը, եւ Հայաստանն է միջազգային իրավական համակարգի մեջ նման պատասխանատվություն ստանձնել։ Տակավին չեմ խոսում այն մասին, թե գործնականորեն ՀՀ-ն ինչ է անում ԼՂ-ի համար, որն այնքան էլ գաղտնիք չէ որեւէ մեկի համար։
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում