2017-ի բյուջեի կատարման հաշվետվությունն ԱԺ-ում այսօր ներկայացրեց փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանը: Նախարարը վարչապետ Փաշինյանի հետ Վրաստան գործուղման է:
Նորա Առուստամյանը հարցրեց՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կարեւոր դրույթներից մեկը վիզաների ազատականացման գործընթացն էր, ի՞նչ աշխատանքներ են տարվել այդ ուղղությամբ՝ Պապիկյանը պատասխանեց, որ 2014-ի հունվարից ուժի մեջ են մտել է ԵՄ-ի հետ վիզայի դյուրացման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրերը, որոնց մշտադիտարկման համար ստեղծվել է երկու կոմիտե: Դրանք ընթացող բանակցություններ են: Վերջին՝ չորրորդ նիստը անցկացվել է Բրյուսելում: Ռիգայի եւ Բրյուսելի գագաթաժողովներում ընդունված համատեղ հռչակագրում, նաեւ ՀՀ-ԵՄ համաձայնագրում ամրագրվել է, որ Հայաստանի հետ պատեհ ժամկետներում վիզաների ազատականացման գործընթացը կմեկնարկի:
Իսկ թե ինչ է նշանակում պատեհ ժամկետներում՝ Պապիկյանն ասաց, որ խոսքը վերաբերում է նրան, որ Հայաստանը, նաեւ ԵՄ անդամ երկիրները ունեն գործողությունների ծրագիր, որ պետք է իրականացնեն: Խոսքը վերաբերում է ռեադմիսիայի համաձայնագրերի կիրարկմանը, նաեւ ՀՀ-ի պատրաստակամությանը՝ ընդունել Եվրոպայում գտնվող անօրինական քաղաքացիներին, որից հետո կմեկնարկի վիզայի ռեժիմը: Այդտեղ ոչ այնքան ԵՄ-ի խնդիրն է, որքան ԵՄ անդամ երկրների:
Միքայել Մելքումյանը հարցրեց՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի նախնական տեքստում երկու կարեւոր դրույթ կա, որ մեզ համար ունի ռազմավարական նշանակություն: Առաջինը ատոմակայանի հետ կապված հարցն է, որը տարբեր կարծիքների տեղիք է տալիս, նա հորդորեց պարզաբանել՝ ի՞նչ է նշանակում այդ դրույթը, Հայաստանը չունի նոր ատոմակայան կառուցելու հնարավորություն: Մենք դեռ երկարացնում ենք ժամկետը: Երկրորդ խնդիրն այն է, որ իրենք դրել են ԿԲ անկախության խնդիրը՝ դրանով արձանագրելով, որ մեր ԿԲ-ն այնքան էլ անկախ չի, որը մեր տնտեսության զարգացման արգելակներից կարող է հանդիսանալ: Մելքումյանը հարցրեց՝ այսօրվա մեր ԿԲ անկախությունը ո՞ր մակարդակի վրա եւ ինչո՞ւ է կասկածներ հարուցել ԵՄ շրջանակներում, ո՞րն է խնդիրը, կարող է քաղաքական հարց կա, չարձանագրված խնդիրներ կան, որ նսեմացրել են մեր ԿԲ-ի ռեալ անկախությունը եւ ԵՄ-ն արձագանքել է:
Պապիկյանը պատասխանեց, որ կդժվարանա ասել՝ արդյոք մեզ կտրամադրե՞ն նոր ֆինանսական ռեսուրսներ՝ նոր ատոմակայան կառուցելու համար: Ինչ վերաբերում է ԿԲ-ին՝ նա ասաց, որ զերծ կմնա գնահատական տալ ԿԲ թափանցիկության մասով, կարող է միայն ենթադրություններ անել, բայց չի ասի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ