Ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 30-ին հրապարակել է տեղեկություն այն մասին, թե ինչպես է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը օրենքին հակասող զանազան հնարքների միջոցով թաքցրել 40 միլիարդ դրամի շրջանառությունից առաջացող 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկը, վճարելով ընդամենը 2 տոկոս շրջանառության հարկ: Դա, ըստ ԱԱԾ հայտարարության, արվել է մի քանի հարյուր, այսպես ասած՝ կեղծ ԱՁ գրանցելու միջոցով, տարբեր քաղաքացիների անձնագրերով: Այլ կերպ ասած՝ ԱԱԾ հայտարարությունից պարզ է դառնում, որ պետությունից թաքցվել են տասնյակ միլիարդավոր դրամներ: ԱԱԾ-ն հայտարարել է քրեական գործ հարուցելու մասին: Ինչ խոսք, քանի դեռ չկա դատարանի որոշում հանցանքի մասին, որևէ մեկը չի կարող համարվել հանցագործ, և այդ իմաստով պարտավոր ենք հարգել անմեղության կանխավարկածը:
Մյուս կողմից, ԱԱԾ-ն բացահայտում և հայտարարում է այն, ինչի մասին երևի թե տեղյակ էր Հայաստանի գրեթե ցանկացած ակտիվ քաղաքացի, որին քիչ թե շատ հետաքրքրել է, թե ինչու է պետությունը հասել այն վիճակին, երբ ապրել է փաստացի պետական պարտքով: Որովհետև մի քանի տասնյակ ընտանիքներ, օգտագործելով իշխանության տարբեր մարմինների հետ ստվերային համաձայնությունները և յուրացնելով իշխանական լծակներ, ապրել են պետության հաշվին: ԱԱԾ-ն հայտարարել է, որ ՊԵԿ-ի նախկին ղեկավարությունը այդօրինակ ստվերային համաձայնությունների մեջ է եղել ոչ միայն «Ալեքս Գրիգ»-ի, այլ նաև 11 այլ խոշոր առևտրային ցանցերի հետ, ինչը նշանակում է, որ առնվազն ևս 11 առևտրային ցանց կարող է կասկածվել պետության հաշվին հարստանալու հանցավոր գործունեության համար:
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում