Հայաստանի նոր կառավարությունը դիվանագիտական աշխատանք
տանո՞ւմ է Վաշինգտոնի հետ հարաբերությունների ուղղությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ նամակն է:
Առաջին նամակում, ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահը շնորհավորել էր Ադրբեջանի առաջնորդին ու ժողովրդին առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ եւ նշել, թե՝ «առաջիկա ամիսները Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կընձեռեն»: Նա նաեւ հավելել էր. «Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցում են եւ աշխատում միմյանց հետ՝ դժվարին տարածաշրջանային մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ»:
Մայիսի 30-ին ադրբեջանական գործակալությունները մեկ այլ նամակ հրապարակեցին: Հարավային գազային միջանցքը գործարկելու եւ «Կասպյան նավթն ու գազը» միջազգային ցուցահանդեսի բացման կապակցությամբ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որում, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանի նավթի խոշոր հանքավայրերը նպաստում են միջազգային էներգետիկ շուկայի կայունությանը, իսկ գազի արդյունահանումը՝ Թուրքիայի եւ Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը»: Նամակում ԱՄՆ նախագահը նաեւ նշում է Ադրբեջանի տնտեսական եւ իրավական բարեփոխումներին աջակցելու եւ հետագա համագործակցության մասին, որպեսզի «Կովկասյան տարածաշրջանը լինի ավելի բարգավաճ՝ հանուն խաղաղության եւ անվտանգության»:
Օրեր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակի առթիվ Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակում կազմակերպվելիք միջոցառումներին մասնակցելու նպատակով մեկնել է ԱՄՆ։
Թրամփի վարչակազմի հետ, ըստ ամենայնի, պաշտոնական Բաքուն ակտիվ աշխատանքներ է տանում, եւ դրանց արդյունքներն արդեն իսկ նկատելի են: Ալիեւն ակնհայտորեն արժանանում է Թրամփի վարչակազմի ուշադրությանը: Ընդ որում, հարկ է նկատել, որ մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի առիթով ԱՄՆ նախագահի կողմից Հայաստանի նոր իշխանությունները շնորհավորանք չեն ստացել, մինչդեռ Բաքուն այդ շնորհավորանքը ստացել էր դեռ մայիսի 26-ից երկու օր առաջ:
Անկախ այն հանգամանքից, որ ամերիկացի վերլուծաբանները հաճախ իրենց մեկնաբանություններում դաժան քննադատության են ենթարկում Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունը, անկախ այն բանից, որ ամերիկյան մամուլում հրապարակվում են Ադրբեջանի իշխանությունների կոռումպացվածության մասին նյութեր՝ պաշտոնական մակարդակում հարցերն իհարկե որոշվում են դիվանագիտական խողովակներով տարված աշխատանքների արդյունքում: Եվ այստեղ հարց է ծագում՝ Հայաստանի նոր կառավարությունը, որն առավելապես կենտրոնացած է Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելուն, անտեսե՞լ է Վաշինգտոնի հետ հարաբերությունները…
Ի դեպ, Թրամփի շնորհավորանքները տեղի ունեցան ուշագրավ տեղեկությունների բացահայտման ֆոնին: Օրեր առաջ հետաքրքրական հրապարակում եղավ «Ադրբեջանական լվացքատան» բացահայտումների վերաբերյալ: «Ադրբեջանական լվացքատան» շրջանակներում 2012-2014թթ. Ադրբեջանից արտահոսած 2,9 մլրդ դոլարից, պարզվում է, բաժին է հասել նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին: «Արմենպրես»-ը, հղում կատարելով ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությանը, օրերս հայտնում էր, որ ԱՄՆ Վիրջինիա նահանգում գործել է ադրբեջանական մասնավոր ընկերություն, որը 10 տարուց ավելի ԱՄՆ կառավարությունում լոբբիստական գործունեություն է ծավալել:
Կազմակերպված հանցագործության եւ կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) «Ադրբեջանական լվացքատուն» անունը կրող ուսումնասիրության նոր բացահայտումների համաձայն՝ երկու ընկերություններ՝ Metastar Invest-ը եւ Hilux Services-ը, որոնք չունեն իրական սեփականատերեր եւ տնօրեններ, Բաքվում գործող Renaissance Associates կազմակերպությանը 18 անգամ գումարային փոխանցումներ են կատարել: Փոխանցված ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլար:
Renaissance Associates կազմակերպության ներկայացուցիչներն էլ գումարներ են հատկացրել ԱՄՆ Կոնգրեսի օտարերկրյա օգնությունների բյուջեի վերաբերյալ որոշումներ կայացնող կոմիտեի անդամների քարոզարշավների համար: Կոմիտեի անդամների մեջ կան սենատորներ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ: Տեղեկության համաձայն՝ կազմակերպության նպատակը եղել է ԱՄՆ-ում Ադրբեջանի հեղինակության բարձրացումը:
Կազմակերպված հանցագործության եւ կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) տվյալներով՝ թե Եվրոպայում եւ թե ԱՄՆ-ում Ադրբեջանի լոբբիստական գործունեության հետեւում կանգնած է ադրբեջանցի պատգամավոր Էլխան Սուլեյմանովը:
Իտալացի քննիչների հաղորդմամբ՝ Սուլեյմանովը «Ադրբեջան 2020, ժպտա ապագային» ծրագրի պատասխանատուն է, որը նպատակ ունի օժանդակելու միջազգային ասպարեզում Ադրբեջանի հեղինակության բարձրացմանը: Այս ծրագիրը 2011թ. շրջանառության մեջ է դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Սուլեյմանովը գլխավորում է նաեւ Ադրբեջանում Ալիեւյան ռեժիմին օժանդակող կազմակերպություն, որը համագործակցում է Renaissance կազմակերպության հետ: Տեղեկությունների համաձայն՝ նույնն են անգամ Սուլեյմանովի գլխավորած կազմակերպության եւ Renaissance-ի գրասենյակները:
Սուլեյմանովի ղեկավարած կազմակերպությունը կոչվում է «Ադրբեջանում քաղաքացիական հասարակության զարգացման» ասոցիացիա: Կազմակերպված հանցագործության եւ կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) ներկայացուցիչները պարզաբանումներ ստանալու նպատակով կապ են հաստատել «Ադրբեջանում քաղաքացիական հասարակության զարգացման ասոցիացիայի» գրասենյակի հետ, որպեսզի զրուցեն Սուլեյմանովի հետ: Կազմակերպության գրասենյակից հայտնել են, որ Սուլեյմանովը չի տիրապետում անգլերենին, ուստի նրա հետ ուղիղ կապ հաստատել հնարավոր չէ: Հետաքրքրական է այն հանգամանքը, որ Եվրախորհրդի ինտերնետային կայքում որպես Սուլեյմանովի աշխատանքային լեզու նշված է անգլերենը, ինչը կասկածի տեղիք է տալիս:
Ադրբեջանի կողմից փոխանցված այլ գումարների հետ է կապվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մերձավոր շրջապատից նավթագազային հարցերով խորհրդատու Ադիլ Բաղըրովի անունը: Նա բնակվում է ԱՄՆ-ի Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում եւ ԱՄՆ կառավարությունում զբաղվում է Ադրբեջանի օգտին լոբբիստական գործունեությամբ: Բաղըրովը Հյուսթոն նահանգում ղեկավարում է ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցիների ցանցը: Կազմակերպված հանցագործության եւ կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) տեղեկությունների համաձայն՝ միայն Ադրբեջանում 10 կոնգրեսականների մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովի կազմակերպման համար Բաղըրովին վճարվել է 253 հազար 150 դոլար:
Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաեւ կատարվել են թանկարժեք գնումներ: Այս տվյալները հայտնաբերվել են եվրոպական պարբերականների կոնսորցիումի կողմից իրականացված հետաքննության արդյունքում, որը հրապարակվել է Կազմակերպված հանցագործության եւ կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) կողմից:
Իսկ The Guardian թերթը Ադրբեջանի նախագահական ընտանիքի՝ Ադրբեջանի ժողովրդից թալանած միլիարդների միջոցով Դուբայում ձեռք բերված ունեցվածքի վերաբերյալ նոր տեղեկություններ էր հրապարակել: Հոդվածի հեղինակ Ջուլիետ Գարսիդը գրում է, որ Դուբայի Կումերյա պալմա արհեստական կղզու վրա գտնվող Սոֆիտել հյուրանոցային համալիրը, որի սեփականատերերի անունը խնամքով թաքցվում է, պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դուստրերին՝ Լեյլա եւ Արզու Ալիեւաներին:
Organized Crime and Corruption Reporting Project-ի տեղեկությունների համաձայն՝ Սոֆիտելի շենքը պատկանում է Դուբայում գրանցված եւ գործունեություն ծավալող Սահարա FZCO անունով ընկերությանը, որն ըստ անանուն աղբյուրների՝ պատկանում է Ալիեւի դուստրերին: Ալիեւի ընտանիքին պատկանող Սահարա ընկերությանը, բացի Սոֆիտել հյուրանոցային համալիրից, պատկանում են նաեւ Կումերյա կղզու տարբեր հատվածներում գտնվող 16 թանկարժեք վիլլաներ, որոնց միջին արժեքը կազմում է 2 մլն դոլար: Աղբյուրը հաղորդում է, որ Կումերյա կղզում ալիեւյան ընտանիքին պատկանող ընդհանուր անշարժ գույքի արժեքը կազմում է մոտ 70 մլն դոլար: Organized Crime and Corruption Reporting Project-ի հաղորդմամբ՝ բոլոր ներդրումները կատարվել են Մալթայում գործող Պիլատուս բանկի միջոցով, որը նույնպես պատկանում է Իլհամ Ալիեւի ընտանիքին:
Հավելենք նաեւ, որ մայիսի կեսին ԵԽԽՎ իրավական հարցերով հանձնաժողովը պատժամիջոցներ սահմանեց չորս պատգամավորների՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի, վեհաժողովի նախկին նախագահ, իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտի, Ուկրաինայի հարցով նախկին զեկուցող՝ իսպանացի պատգամավոր Ժորդի Շուկլայի եւ ռումինացի պատգամավոր Սեզար Պրեդայի դեմ:
ԵԽԽՎ-ն հաղորդել էր, որ պատգամավորներ Ագրամունտը, Շուկլան, Պրեդան եւ Սեիդովը լրջորեն խախտել են վարքագծի կանոնակարգը եւ ժամանակավորապես զրկվում են պատգամավորի հիմնական իրավունքներից. նրանց արգելվում է դիտորդական առաքելություն իրականացնել եւ զեկուցողի պաշտոն զբաղեցնել, նաեւ հարցեր ուղղել Եվրոպայի խորհրդի գործադիր մարմնին՝ Նախարարների կոմիտեին: Պատժամիջոցների ենթարկված չորս պատգամավորները բազմիցս հայտնվել են կոռուպցիոն սկանդալների կիզակետում:
ԵԽԽՎ-ի հերթական զեկույցներից մեկը փաստում էր, որ Ալիեւի վարչակազմը տարիներ շարունակ ԵԽԽՎ-ում լոբբիստական աշխատանքներ է իրականացրել, կանխիկ գումարով կաշառել մի խումբ պատգամավորների, այդ թվում՝ Պեդրո Ագրամունտին՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ քննադատությունը մեղմելու կամ հօգուտ Ադրբեջանի գործունեությունը խթանելու համար:
Եվրոպացի երեք պաշտոնաթող դատավորների հեղինակած զեկույցում ներկայացված է եվրոպացի պատգամավորների մի ամբողջ ցանկ, ովքեր կաշառքի դիմաց աչք են փակել Ալիեւի վարչակազմի ապօրինությունների վրա, քվեարկել Բաքվի համար նախընտրելի բանաձեւերի օգտին ու լռության մատնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերը: Ըստ ավելի քան 200 էջից բաղկացած զեկույցի՝ առավել մեծ տարածում են ունեցել հատկապես նվերները՝ սեւ խավիարից մինչեւ թանկարժեք գորգեր ու ոսկյա զարդեր, դրամական պարգեւներ:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
31.05.2018