Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բա որ»-ի փաստարկը

Մայիս 31,2018 10:06

60-ն անց մարդը ծանր խոսակցությունից հետո վատ է զգացել եւ խնդրում է, որ նրան հնարավորություն տրվի հեռանալու: Նրանից 3 անգամ երիտասարդ մարդիկ այդ պահին հարկ են համարում հիշեցնել նրա մեղքերը՝ բա որ մենք հացադուլ էինք անում, բա որ այստեղ «կարմիր բերետներ» էին եկել: Մարդկանց նախկին՝ իրական կամ մտացածին մեղքերը թվարկելը բացարձակապես չի արդարացնում այդ պահին մեղք գործելը. եթե դու ավելի լավն ես, ավելի արդար ու բարի ես, ինքդ քո նկատմամբ պետք է ավելի խիստ լինես, քան ուրիշների:

Անցումային շրջանում «բա որ»-ի «փաստարկը» դառնում է հիմնական եւ համատարած: Եթե հանկարծ գրես ներկա իշխանության որեւէ սխալի մասին, իսկույն կգտնվեն մի քանի տասնյակ մարդիկ, որոնք «հակափաստարկ» կբերեն՝ «բա որ ՀՀԿ-ականները երկիր էին թալանում, լա՞վ էր»: Ոչ, լավ չէր, շատ վատ էր, բայց դա ներկա սխալների արդարացում չէ: Երբ 1998-ին եւ հաջորդ տարիներին իշխանությունները ընտրություններ էին կեղծում, իսկ լեւոնականները մատնանշում էին այդ փաստը, վերջիններիս սաստում էին՝ «բա որ դուք էիք կեղծում»: Այդ առիթով մի 50 տարվա հնության անեկդոտ կա. ամերիկացին խոսում է Խորհրդային միության դատարկ խանութների, երշիկի հերթերի, այլախոհների հետապնդման մասին: Դրան խորհրդային քարոզիչը հակադարձում է՝ «բա որ ձեզ մոտ նեգրերին են ճնշում»:

Այդ «բա որ»-ներով կարելի է արդարացնել ցանկացած դաժանություն, անգամ հանցագործություն: Ի վերջո, Գերմանիայում նացիստները նույնպես օգտագործում էին նույն փաստարկը, երբ հալածում էին հրեաներին՝ «բա որ հրեաները տիրում էին մեր երկրի ամբողջ տնտեսությանը եւ որոշում էին Գերմանիայի բախտը», հետեւաբար հրեաներին պետք էր ուղարկել գազային խցիկներ: Կամ բոլշեւիկներն ասում էին՝ «բա որ ցարական ռեժիմը շահագործում էր բանվոր դասակարգին եւ աշխատավոր գյուղացիությանը», հետեւաբար կարելի է սպանել ցարի 11 տարեկան որդուն: Այլատյացությունը մշտապես հիմնված է ուրիշների՝ նախկինում գործած մեղքերի հիշողությունների վրա: Եվ քանի որ աշխարհում չկա որեւէ ազգ, որեւէ կուսակցություն կամ որեւէ մարդ, որը սխալ, անընդունելի, ամոթալի արարքներ արած չլինի, սկզբունքորեն այդ «հիշողություններով» կարելի է առաջնորդվել ցանկացած դեպքում:

Պետության համար գոյություն ունի միայն Քրեական օրենսգիրքը. խախտողը՝ լինի նա պաշտոնյա, օլիգարխ, թե «գաղափարական մոտիվներով» ոստիկաններ սպանող, պետք է կրի իր պատիժը: Մարդու համար գոյություն ունի Մարդը՝ իր թուլություններով, իր անկատարությամբ: Եվ ցանկացած գնահատական տալուց առաջ գնահատողը պետք է հաշվի առնի, որ ինքը նույնպես թույլ է եւ անկատար: «Ինչ չափով որ չափեք, նույն չափով էլ ձեզ համար կչափեն»,- ասված է Աստվածաշնչում: Լավ է ասված՝ կանխարգելիչ նշանակություն ունի ցանկացած դաժանության եւ վրեժխնդրության համար:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Lուսինե says:

    Առաջարկ. թող հրապարակեն բոլոր այն պաշտոնյաների ցանկը ,որոնք ունեն զարկերակային բարձր ճնշում, ասթմա, սիրտ անոթային հիվանդություններ եւ այլն……. Իրենցից հրաժարական չպահանջել

    • Ruben says:

      «ԽՍՀՄ կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի պատմությունը» Լեւոն Տ.-Պետրոսյանից մինչեւ Նիկոլ (Գորբաչով):

  2. Ruben says:

    «Մի արա այսօր այն, ինչի համար պետք է ափսոսաս վաղը՝ եթե անասուն չես»:

  3. bzjackal says:

    Մի հատ ուրիշ անեկդոտ.
    Հարը՝ որդուն. «Այ տղա, էնքա՛ն թույլ էիր կապել հորթը, որ քո կապելուց հետո 3 անգամ կապեցի՝ էլի բաց ընկավ»

  4. Հ.Շ. says:

    Սա որքան համբերութիւն, որքան խանդ եւ մղում… դարձեալ ու նորէն, հանդարտօրէն, միեւնոյն ամենատարրական բաները բացատրելու համար, նորագոյն սերունդին… յուսալով որ գոնէ այս անգամ մտիկ կ’ընեն, կը հասկնան, եւ թէ հազիւ հասկնան՝ յաջորդները չեն գար արդէն ամէն բան ետ ծայրից սկսելու, սկսեցնելու…

    Յարգանք:

  5. Nara says:

    Հիմա նորից մեր հանրությունը քաղաքակրթության քննություն է անցնում, պատրաստ ենք արդյ՞ոք փաստերով ու օրենքով դատել, թէ նորից բանբասանքներով ու հրահանգներով ենք ուղղորդվելու հարցեր լուծելու համար?? Պատմությունը նորից մի շանս է տալիս մեզ, ժամանակը ցույց կտա որքա՞ն խելացի կգտնվենք այդ հնարավորությունից կօգտվենք թե ոչ…..

  6. Derenik Mikaelyan says:

    >>Այլատյացությունը մշտապես հիմնված է ուրիշների՝ նախկինում գործած մեղքերի հիշողությունների վրա:

    բնավ ոչ մշտապես, առաջին սպանությունը (Կայենի արած) հիմնված էր անմեղի ու ավելի մաքուրի նկատմամբ (Աբէլ) նախանձի վրա, ու այդ մոտիվը (բազում այլ մոտիվների հետ) շարունակում է շատ ակտուալ մնալ:

    >>Պետության համար գոյություն ունի միայն Քրեական օրենսգիրքը. խախտողը՝ լինի նա պաշտոնյա, օլիգարխ, թե «գաղափարական մոտիվներով» ոստիկաններ սպանող, պետք է կրի իր պատիժը:

    սխալվում եք, ուրիշ օրենսգրքեր էլ կան, ոչ պակաս կարեւոր:
    Շատ թափանցիկ ակնարկով պահանջում եք որ Սասնա Ծռերը պատիժ կրեն: Ավելին, «գաղափարական մոտիվներ»-ն էլ չակերտների մեջ եք առել ասելու համար, որ Ծռերի արարքի մեջ իրական գաղափարական մոտիվ չէք տեսնում:
    Ձեր այս, շատերի համար ակնհայտորեն թյուր, կարծիքը թողնենք ձեր խղճին:
    Սակայն Սերժի հանցավոր վարչախմբի կողմից Ծռերի գործին անիրավորեն ու ստորաբար փակցված ‘քրեական’ պիտակավորումից դուք ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ, քանի որ միանգամայն ակնհայտ է որ Ծռերի արարքը ապստամբություն էր ժողովրդի կենսական իրավունքները լկտիաբար ոտնահարող ու երկիրը թալանող վարչախմբի դեմ: Հա, պիտի դատվեն Ծռերը, բայց ՄԻԱՅՆ որպես ապստամբ ռազմագերիներ (ինչ կարգավիճակով որ համաձայնեցին հանձնվել, բայց Սերժը խաբեց ու նենգափոխեց մեղադրանքը քրեական դարձնելով):
    ՈՒ եթե իրական է ‘նոր Հայաստանը’, ապա այդ դատավարության արդյունքում պիտի տեսնենք Ծռերի ու Սերժի վարչախմբի պարագլուխների փոխատեղություն, ու դրանց վրա մեղադրանքները նորից քրեական չեն լինելու, այլ պետական հանցագործությունների հոդվածներով:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031