Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբ երկիրը հայտնվել է ճգնաժամային իրավիճակում, անհրաժեշտ է կրճատել հարկերը

Մայիս 31,2018 14:30

Տնտեսական ու սոցիալական զարգացման հիմնադրույթները

Շուկայական տնտեսության անցման սկզբնական ժամանակաշրջանում առավել տարածված տեսակետ էին համարվում սեփականատիրական հարաբերությունների վերափոխումները եւ մասնավորապես սեփականաշնորհումը (մասնավորեցումը):
Շատ տնտեսագետներ կարծում էին, որ պետական սեփականության վերացումը եւ մասնավորեցումը ինքնաբերաբար եւ կարճ ժամանակաշրջանում կապահովեն շուկայական հարաբերությունների եւ ազատ մրցակցության հաստատումը: Սակայն գրեթե երեք տասնամյակ է անցել, դեռեւս շատ հեռու ենք այդ նպատակին հասնելու իրականությունից: Մեր երկրում ավելի շուտ ստեղծվել է մենաշնորհային (օլիգոպոլիական) կոռումպացված տնտեսություն:

Արդյունքում ունեցանք մի կողմից՝ հարստության ապօրինի կուտակում օլիգարխների եւ պետական այրերի մոտ, մյուս կողմից՝ աղքատության բարձր մակարդակ: Պաշտոնական տվյալներով՝ այն կազմում է բնակչության 29%-ը (900 հազ. մարդ), իսկ իրականում՝ մոտ 40%: Դրա հետ մեկտեղ աճել են գործազրկությունը (մոտ 18%) եւ արտագաղթը:
Բավականին ցածր մակարդակի վրա է գտնվում բնակչության կենսամակարդակը:

Ներկայումս բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) տարեկան կտրվածքով կազմում է 3700 դոլար: Համեմատության համար նշենք, որ այն խորհրդային Հայաստանում կազմում էր 4,9-5 հազար դոլար: Տագնապալի մակարդակի է հասել երկրի արտաքին պարտքը (շուրջ 6-7 մլրդ դոլար), ինչը կազմում է ՀՆԱ-ի 60%-ը: Ընդ որում, նույնիսկ մեկ դոլար չի ներդրվել տնտեսության իրական հատվածում: Այս բոլորի հիմնական պատճառը եղել է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հայեցակարգի բացակայությունը: Դիցուք, ըստ նոր դասական հայեցակարգի՝ երկրի տնտեսական ու սոցիալական զարգացումը պայմանավորվում է մակրոտնտեսական հավասարակշռության ստեղծմամբ: Դրան հասնելու համար անհրաժեշտ է. առաջին՝ առաջարկի եւ պահանջարկի հավասարակշռության հիման վրա ապահովել կայուն եւ բարձր տեմպերով տնտեսական աճ, երկրորդ՝ ապահովել բարձր մակարդակի զբաղվածություն, երրորդ՝ ապահովել գների կայունություն (նվազագույն ինֆլյացիայով), չորրորդ՝ ունենալ հավասարակշռված վճարային հաշվեկշիռ: Իսկ քեյնսենյան հայեցակարգում մատնանշվում են հետեւյալ դրույթները.
Առաջին՝ ապահովել տնտեսական կայունություն եւ դրա հիման վրա բարձրացնել բնակչության բարեկեցությունը, երկրորդ՝ տնտեսության վերելքի փուլում ապահովել տնտեսական աճի արագացում, իսկ անկման փուլում՝ վերականգնել տնտեսական աճը եւ զբաղվածությունը, զսպել ինֆլյացիան եւ խթանել արտահանումը, երրորդ՝ առկա նպատակին հասնելու համար ընտրել համապատասխան գործիքներ, չորրորդ՝ մշակել այնպիսի տնտեսական քաղաքականություն, որը ներառի առկա խնդիրները եւ դրանց լուծման համապատասխան գործիքների զուգակցումը:

Ընդ որում, զարգացած շուկայական տնտեսության երկրների համար ավելի նպատակահարմար է օգտագործել նոր դասական հայեցակարգը, իսկ անցումային զարգացող երկրների համար, այդ թվում նաեւ՝ Հայաստանի, նպատակահարմար է նախընտրել քեյնսենյան հայեցակարգը, քանի որ Հայաստանը դեռեւս չի հաղթահարել 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամը:

Ընդհանուր առմամբ այդ երկու հայեցակարգերի համար կիրառելի են վարչարարական-իրավական եւ տնտեսական գործիքները: Ընդ որում, ազատական կապիտալիստական երկրների համար ավելի յուրահատուկ են իրավական գործիքները, իսկ պետական կապիտալիզմի երկրներին յուրահատուկ են վարչարարական գործիքները: Ինչ վերաբերում է տնտեսական գործիքներին, ապա դրանում լայն տարածում են ստացել հարկաբյուջետային (ֆիսկալ) եւ դրամավարկային գործիքները:

Ինչպես հայտնի է, հարկաբյուջետային քաղաքականության գլխավոր գործիքները համարվում են հարկերը եւ պետական ծախսերը, որոնց ճշգրիտ եւ հիմնավորված օգտագործումը կարող է նպաստել երկրի զարգացմանը եւ հակառակը:
Դիցուք, հարկային դրույքաչափերը պետք է լինեն ճկուն եւ ազատ փոփոխվող: Օրինակ՝ երբ երկիրը (նաեւ Հայաստանը) հայտնվել է ճգնաժամային իրավիճակում, անհրաժեշտ է կրճատել հարկերը, որը կպայմանավորի վճարունակ պահանջարկի աճ եւ ճգնաժամի հաղթահարում: Սակայն Հայաստանում վերջին օրենսդրությամբ տեղ գտավ հարկերի, մասնավորապես՝ եկամտահարկի բարձրացում, ինչը ոչ թե կնպաստի ճգնաժամի հաղթահարմանը, այլ ընդհակառակը՝ էլ ավելի կխորացնի այն: Դրա հետ մեկտեղ սովորաբար ճգնաժամային իրավիճակում նպատակահարմար է ավելացնել պետական ծախսերը: Սակայն դա չի նշանակում ընդլայնել անտեղի կամ չհիմնավորված ծախսերը, որոնք շատ հաճախ կատարվում են մեր երկրում՝ ինչպես, օրինակ, արտասահմանյան շատ գործուղումները եւ դրանցում գերակշռվող ինքնաթիռների բիզնես դասի տոմսերի բարձր գների օգտագործումը, կամ կառավարական անձնակազմին սպասարկող շուրջ 900 թանկարժեք ավտոմեքենաների օգտագործումը եւ այլն: Պետական բյուջեի ծախսային մասում էական նշանակություն է ստացել կոռուպցիայի առկայությունը: Ինչ վերաբերում է դրամավարկային քաղաքականության իրականացմանը, ապա դրանում կարեւոր գործիք է համարվում դրամական զանգվածի ծավալի կարգավորումը, քանի որ դրա արագ աճը խթանում է տնտեսական աճը, իսկ դանդաղ աճը նպաստում է ինֆլյացիայի եւ տնտեսական աճի կանխմանը: Դրամաշրջանառության կարգավորման գործում էական նշանակություն ունի նաեւ առեւտրային բանկերի նկատմամբ պահուստի նորմայի սահմանումը, ինչպես նաեւ վերաֆինանսավորման քաղաքականության իրականացումը Կենտրոնական բանկի կողմից: Ընդհանրապես դրամավարկային քաղաքականության գործիքների օգտագործման ընթացքում պետք է նկատի ունենալ՝ տվյալ երկիրը գտնվում է ճգնաժամայի՞ն իրավիճակում, թե՞ վերելքի փուլում:

ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Տնտեսագետ, ԵՊՀ պրոֆեսոր

«Առավոտ»

30.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031