Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որտեղ է Ցոլակ Դարբինյանը»

Մայիս 31,2018 13:00

Հանրահայտ ֆիլմի հերոսի օրինակով «որոնվում» է Հայաստանի ազգային կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը

«Առավոտի» այս տարվա մայիսի 25-ի համարում տպագրված «Չորրորդ անգամ անցկացվեցին գերմանա-հայկական վապետության դասընթացներ» հոդվածում Դետմոլդի կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարիա-Էլիզաբեթ Լոթը փաստել էր, որ դասընթացների բացման համերգին իր ու ալտահար, ի դեպ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Վաչե Հովեյանի հետ Վարդ Մանուկյանի Ալտի եւ ջութակի կոնցերտի կատարումը Հայաստանի ազգային կամերային նվագախմբի ընկերակցությամբ կայացել է առանց դիրիժորի: Գերմանացի երաժշտի փոխանցմամբ՝ դիրիժորի աշխատանքը հիանալի է կատարել նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր Աստղիկ Վարդանյանը: Մինչդեռ դիրիժորական վահանակի մոտ պետք է կանգներ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Արձագանքն այս փաստին չուշացավ: Մեզ դիմեցին երաժիշտներ, այդ թվում՝ անվանի կոմպոզիտորներ, որոնք խնդրեցին իրենց անունը չբարձրաձայնել: Հարգելով նրանց վաստակը հայկական երաժշտարվեստում, կատարում ենք նրանց խնդրանքը: Մեր զրուցակիցները հավաստիացրին, որ Վահան Մարտիրոսյանի «բացակայության» առաջին դեպքը չէ, հասկանալի է, որ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը պարտադիր չէ, որ տարին տասներկու ամիս գտնվի նվագախմբի կողքին, մանավանդ որ՝ նա ֆրանսաբնակ է: Բայց չի կարելի արհամարհել 2010-ից իր ղեկավարած նվագախմբի երաժիշտներին, այս դեպքում՝ կոմպոզիտոր Վարդ Մանուկյանին, ավելին՝ իր վերադաս Վաչե Հովեյանին եւ, իհարկե, առաջին անգամ Հայաստան այցելած իր պրոֆեսորին: Եվ ամենակարեւորը՝ Վահան Մարտիրոսյանը իսկապես բարձրակարգ դաշնակահար է, բայց ոչ դիրիժոր:

Մեզ հետ զրույցում երաժիշտները նաեւ հիշեցրին, որ 1961թ. անվանի ջութակահար Զարեհ Սահակյանցի հիմնած այս կոլեկտիվը, որը տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր գեղարվեստական ղեկավարներ, իսկապես փառահեղ ուղի է անցել, իսկ 2010-ից Ֆրանսիայից հրավիրված Վահան Մարտիրոսյանի օրոք, մանավանդ վերջին շրջանում, նվագախմբի երկացանկում բարոկկո երաժշտությունը համարյա բացակայում է, ինչը պարտադիր է կամերային նվագախմբերի ու դրանց առաջընթացի համար: Հայտնեցին նաեւ, որ թեեւ հնչում են հայ հեղինակների ստեղծագործություններ, բայց դրանց հաճախականությունը գոհացուցիչ չէ: Փոխարենը, չգիտես ինչու, նվագախումբը հաճախ ներկայացնում է հանրամատչելի երաժշտություն: Իր նշանակումից որոշ ժամանակ անց Aravot.am-ի դիտարկմանը (27.11.2012թ.), թե Հայաստանի կամերային նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանի՝ կարգապահության հանդեպ պահանջկոտությունը նվագախմբի կողմից ընկալվում էր իբրեւ դեսպոտիզմ, արդյոք իրեն ուղղված դժգոհություննե՞ր էլ կան, Վահան Մարտիրոսյանը նշել էր, որ կոլեկտիվի հետ ջերմ հարաբերությունների մեջ է ու չնայած այդ ամենին, փորձերի ժամանակ հետեւյալ սկզբունքն է գործում՝ «մեկ մաեստրո եւ մեկ նվագախումբ, լռություն եւ ուշադրություն»: Ասել էր նաեւ. «Ես կլինեի աշխարհի ամենամեծ հիմարը, եթե առաջարկեին ինչ-որ բան, որն իմ մտածածից ավելի լավն է ու ես հրաժարվեի… Ես չեմ կարող դեսպոտ լինել, որովհետեւ աշխատել եմ Եվրոպայում, ներկայումս Կաննի սիմֆոնիկի գլխավոր դիրիժորն եմ: Ֆրանսիայում եթե որեւէ դիրիժոր փորձի ձայնը բարձրացնել որեւէ երաժշտի վրա, երկրորդ անգամ այդ նվագախմբի առջեւ չի կարող կանգնել, որովհետեւ Ֆրանսիան կրթված երկիր է, այնտեղ երաժիշտներին չեն վերաբերվում ինչպես իրենց պատկանող ստրուկների»: Հիմա մենք ենք հարց ուղղում՝ Հայաստանը կրթված երկիր չէ՞, կարելի՞ է արհամարհել (չենք օգտագործում վիրավորական բառ) իր իսկ ղեկավարած կոլեկտիվին եւ հյուրախաղորդ ջութակահարուհուն… Ընդ որում, «Առավոտի» հետ զրույցում երաժիշտներից ոմանք նշեցին նաեւ Վահան Մարտիրոսյանի մարդկային տեսակի մասին:

Կամերայինի ելույթը՝ առանց դիրիժորի, մենակատարներ՝ Մարիա-Էլիզաբեթ Լոթ եւ Վաչե Հովեյան:

Այս առիթով մտաբերեցինք «Առավոտի» 03.01.2013թ. տպագրված «Կարելի էր լուրջ երաժիշտների հրավիրել, ոչ թե կույր, խուլ եւ համր» հոդվածը, որտեղ նա ծաղրել էր աշխարհահռչակ Բոչելլիին Հայաստան հրավիրելու հանգամանքը: Այդ առիթով «Առավոտին» բաց նամակ էր հղել, ինչպես հեղինակն էր ներկայացել՝ կույր Արտակ Բեգլարյանը եւ պահանջել դիրիժորից հրապարակային ներողություն խնդրել…
Անդրադառնալով առանց դիրիժորի կայացած համերգին՝ ուզում ենք հարց ուղղել նաեւ մշակույթի նախարարության ոլորտի մասնագետներին կամ գլխավոր մասնագետին՝ հարգելիներս, պարտադիր չէ, որ ներկա լինեք միայն այն միջոցառումներին, որին մասնակցում են նախարարը, վարչապետը կամ նախագահը: Եթե շնորհ անեիք ներկա գտնվել «սովորական» համերգներին, գուցե ժամանակին կանխվեր ու նման իրավիճակ չստեղծվեր: Իսկ նման «ՉՊ»-ներով երեկոների, իհարկե՝ ոչ հաճախ, բայց, ցավոք, հանդիպում ենք:

Կապվեցինք Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Վաչե Հովեյանի հետ, որն ընդամենն ասաց. «Կամերային նվագախումբն այսօր հիանալի մարզավիճակում է եւ երաժիշտներից յուրաքանչյուրը իսկապես պրոֆեսիոնալ է: Ես երաժիշտ եմ եւ գիտեմ՝ ինչ բան է լինել Երաժիշտ, ապրել երաժշտությամբ: Եթե հարկ լինի՝ կպաշտպանեմ յուրաքանչյուրի իրավունքները, ավելին՝ ատամներով կպաշտպանեմ…»:
Մեր փորձերը՝ կապվել կամերայինի գլխավոր կոնցերտմայստեր Աստղիկ Վարդանյանի հետ, ապարդյուն անցան: Չկարողացանք կապվել նաեւ Վահան Մարտիրոսյանի հետ, քանի որ, ըստ մեր տեղեկությունների՝ նա Հայաստանում չէ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

30.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այդ անվանի կոմպոզիտորները, եթե շիտակ մարդիկ են, թող ներկայանային, որպեսզի նրանց խոսքը ծանրակշիռ լիներ … Լարային կամերային նվագախումբը, որպես պարզունակ նվագախումբ (այդ է պատճառը, որ ես ոչինչ չեմ ստեղծել այդ նվագախմբի համար), պարտադիր չէ, որ դիրիժոր ունենա: Ի դեպ, Զ. Սահակյանցի ժամանակ և նրանից հետո էլ նվագախումբը գործել է առանց դիրիժորի: Բայց գեղարվեստական ղեկավարը պարտադիր է, որ միշտ կոլեկտիվի հետ լինել: Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031