Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լիբանանի սրտում ծաղկող փոքրիկ Հայաստանը

Մայիս 31,2018 12:30

Թռչնի թռիչքի բարձրությունից Այնճարի հատակագիծը բաց թեւերով ճախրող հպարտ արծվի տեսք ունի: Ազգային արժեքները վառ պահող բնակիչներով հանդերձ՝ Այնճարը, ասես երամից՝ հայրենիքից հեռու սավառնող քաջասիրտ բազե լինի:
Այնճարը գտնվում է Սիրիայի սահմանին մոտ՝ Բեքաայի դաշտավայրում: Մուսա լեռան ժողովուրդը 1939-ի վերջերին հրաժարվեց թուրքական բռնատիրության ներքո ապրել եւ որոշեց հարկադրաբար լքել հայրենիքը: Մուսալեռցիները վերաբնակվեցին Այնճարում: Այդ տարիներին Այնճարի տարածքը ճահճապատված էր, մարդիկ տառապում էին մալարիա հիվանդությամբ: Այնուամենայնիվ, հողը բերրի էր, եւ համառ, ու նպատակասլաց մուսալեռցիներին հաջողվեց Լիբանանի կիսաանապատային տարածքում կերտել արաբական աշխարհի հայկական փոքրիկ օազիսը…

Այնճարը գտնվում է Բեյրութից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա: «Այնճար» թարգմանաբար նշանակում է հոսող աղբյուր: Եվ պատահական չէ, որ քաղաք մտնող ճանապարհին կարելի է հանդիպել փոքրիկ, բայց խորհրդանշական աղբյուրների: Արաբական երկրի այս փոքրիկ անկյունում՝ Այնճարում, բնակվում են միայն հայերը:
Տեղացիների հետ զրույցի ընթացքում տեղեկացանք, որ անգամ այդ տարածքում բնակարանների սեփականության կամ հողատարածք ունենալու իրավունքը միայն հայերինն է, անշուշտ, չգրված օրենքով: Ասում են՝ չնայած բարձր արժեքներին եւ արաբ գնորդների մեծ ցանկությանը, Այնճարի բնակիչներից ոչ ոք սեփական բնակարանը չի վաճառի այլ ազգությամբ որեւէ մեկին: Բնակարանի սեփականությունն էլ հիմնականում փոխանցվում է ժառանգաբար՝ հաջորդ սերունդներին: Այս միասնականության շնորհիվ է, որ հայրենիքից հարյուրավոր կիլոմետրեր հեռու Այնճարի հայերին հաջողվում է ստեղծել հայկական անբիծ միջավայր, անխոտան պահպանել հայկական դիմագիծը եւ զարգացնել ազգային ինքնության շառավիղը այն երեխաների շրջանում, որոնք հանգամանքների բերումով ծնվել են հայրենիքից հեռու:


Այնճարը արեւելքի ամենակարեւոր հայկական կենտրոններից մեկն է: Փոքրիկ, բայց հզոր քաղաքի հենասյունը հայերն են: Այնճարում եւ՛ գործատուները, եւ՛ աշխատակիցները հայեր են: Բացառություն չեն նաեւ Այնճարի քաղաքապետարանը եւ ոստիկանական համակարգը:

Այնճարի քաղաքապետ Վարդգես Խոշյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Մէնք Հայրէնիք ունինք, եւ մէր երազնէրուն մէջ, մէր ենթագիտակցության մէջ մէր վէրջին կայանը հոն պիտի ըլլա: Հոն տեղ է մէր հայրէնիքը: Պայմաննէրը ստիպէցին, մէնք դուրս ելանք հայրէնիքից, բայց հայրէնիքը մէր սրտէն դուրս ելած չէ: Այնպէս որ գործնական պիտի ըլլանք եւ վճռական: Արհէստական բան պիտի չըլլա մէր հարաբէրություննէրի, փոխադարձ գործակցության մէջ: Մէր գործակցությունը պիտի ընթանա հարազատ պայմաննէրում: Դուք Այնճարում ձէր տանն էք՝ շրջապատված հարազատնէրով…»:
Այնճարի երեք համայնքներից յուրաքանչյուրը՝ առաքելականը, ավետարանականը եւ կաթոլիկը, ունեն առանձին եկեղեցի եւ դպրոց: Ավետարանական եւ կաթոլիկ համայնքներն ունեն իրենց գիշերօթիկ բաժինները: Այցելեցինք ավետարանական գիշերօթիկ դպրոցը՝ անձամբ տեսնելու առկա պայմանները: Նշենք, որ Այնճարի գիշերօթիկներում ապրում եւ սովորում են անձնական, ընտանեկան որոշակի խնդիրներ ունեցող երեխաներ: Երբ մուտքի մոտ մեզ դիմավորող ժպտերես եւ կայտառ երեխաները ողջունեցին եւ մեր որպիսության մասին հարցրին սահուն եւ գրագետ հայերենով, անասելի հպարտություն ապրեցինք: Եռանդով լեցուն պատանիները Այնճարում, բնագիտական եւ հումանիտար առարկաներին կից, ուսանում են չորս լեզու. անշուշտ, որպես մայրենի՝ հայոց լեզուն եւ զուգահեռաբար՝ անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն: Կրթության որակի մակարդակը բարձր է Բեյրութում:
Ավարտելով վարժարանները՝ աշակերտները մեկնում են Բեյրութ, ընդունվում տարբեր համալսարաններ, աշխատանքի անցնում: Ոմանք տեղափոխվում են Բեյրութ, սակայն հաճախ են այցելում իրենց ծննդավայրը: Կան երիտասարդներ էլ, որոնք չեն ուզում լքել Այնճարը, բնակվում են այնտեղ, բայց ամեն օր գնում են Բեյրութ՝ աշխատանքի:
Այնճարի երիտասարդներից ոմանք էլ ուսումնառությունը շարունակում են հայրենիքում: Շատերը ցանկանում են վերադառնալ Հայաստան: Երեւանի տարբեր համալսարաններում այսօր սովորում են 15 այնճարցի երիտասարդներ եւ մասնագիտանում են տարբեր ոլորտներում:


Այնճարը Լիբանանի այլ քաղաքների կամ գյուղաքաղաքների հետ համեմատած՝ առանձնանում է ընդգծված մաքրությամբ եւ կոկիկությամբ: Հատուկ պլաստմասսե եւ ապակե տարաների համար նախատեսված աղբամաններին Լիբանանում առաջին անգամ հանդիպեցինք Այնճարի փողոցներում: Ճշմարիտ են նրանք, որոնք ասում են՝ թեեւ աշխարհագրորեն Այնճարը հեռու է հայրենիքից, սակայն այնտեղ ապրող հայերը քաղաքը նույնացնում են Հայաստանի հետ, խնամում եւ հոգ են տանում այնպես, ինչպես կվարվեին հայրենիքի հետ:

Բեյրութի տարածքում չհանդիպող կանաչապատ այգիների բացը չենք նկատել Այնճարում: Ինչպես քաղաքապետարանի տարածքում, այնպես էլ բնակիչների տների շրջակայքում եւ փոքրիկ այգիներում կարելի է տեսնել մշակված եւ գեղեցիկ ձեւավորությամբ թփեր, ծաղիկներ եւ ծառատեսակներ:

Այնճարցիների հաջողության գրավականն աշխատասիրությունն է: Լիբանանի ամբողջ տարածքում Այնճարը այն քիչ շրջաններից է, որտեղ հողագործության ժամանակ բանջարեղենների եւ զանազան պտուղների այգիները ոռոգվում են բացառապես մաքուր ջրով, ինչն էլ արտադրանքը պահանջված է դարձնում: Զարմանալի չէ, որ այնճարցիների պատրաստած պահածոները եւ քաղցրահամ չրերի տեսականիները եւս մեծ համբավ են վայելում Լիբանանում:

Այնճարում, ի տարբերություն լիբանանյան այլ քաղաքների, օրինակելի եւ կանոնակարգված է նաեւ երթեւեկությունը: Տեղացիները հպարտությամբ նշում են, որ թեեւ Լիբանանում չկա ճանապարհային ոստիկանություն (գործում են միայն ռազմական ոստիկանները), այնուամենայնիվ, Այնճարում հայերը ստեղծել են ոստիկանական առանձին համակարգ, որը ենթարկվում է քաղաքապետարանին եւ որեւէ կախում չունի լիբանանյան իշխանությունից:

Հայեցի ներդաշնակությամբ օժտված այս քաղաքը խաղաղությամբ եւ անասելի հանգստությամբ, ապահովությամբ էր աչքի ընկնում նաեւ քաղաքացիական պատերազմի ժամանակ: Հայերը խաղաղ եւ ստեղծարար են ամենուր: Այնճարի պայծառ օրինակը ապացույցն է այն բանի, որ հայը աշխարհի որ ծայրում էլ լինի, անգամ արաբական, մահմեդական աշխարհում, կարող է ծաղկեցնել եւ ամայությունից բերրի այգի, բուրաստան շինել, ճահճոտ հողակտորից հայկական փոքրիկ դրախտավայր ստեղծել:

ՄԻԼԵՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ

ԵՊՀ ժուռնալիստիկայի
ֆակուլտետ,
2-րդ կուրս

Հ.Գ. Տեղաբնակների հետ զրույցների եւ քաղաքում շրջելու ընթացքում՝ Այնճարը նմանեցրի Արցախին: Մուսուլմանական միջավայրում պայմանականորեն շրջափակված փոքր տարածքներ, որոնք օր օրի զարգանում եւ բարգավաճում են այդ հողի վրա ապրող եւ ստեղծագործող հայերի շնորհիվ: Բեյրութ վերադառնալուց առաջ՝ Այնճարի քաղաքապետ Վարդգես Խոշյանին հրաժեշտ տալու ժամանակ, նա ասաց, որ իր որդու անունն Արցախ է: Հայերի պատմական ճակատագրի անխուսափելի եւ հարկադրված հետեւանքների արդյունքում այսօր Արցախը ծառայում է Լիբանանի բանակում:

«Առավոտ»

30.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031