Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի՞նչ են քննարկել Գերմանիայի Լեեր քաղաքի միակ հայը եւ Սփյուռքի նախարարը

Մայիս 30,2018 22:44

2015թ.-ին Գերմանիայի Օստֆրիսլանդ մարզի Լեեր քաղաքի պուրակներից մեկում տեղադրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար՝ այդպիսի միակ խաչքարը Գերմանիայում, որը պետական պահպանության ներքո է:

Նախաձեռնության հեղինակը գերմանահայ Ալբերտ Թովմասյանն է, որը Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի տոնակատարությունների առթիվ Երեւանում էր: Իրեն, ինչպես եւ շատ սփյուռքահայերի, ոգեւորել է «Իմ քայլը» ժողովրդական շարժումը:

Թովմասյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հետեւել է երեւանյան վերջին իրադարձություններին ու հույս ունի, որ մեր երկրում դրական փոփոխությունները չեն ուշանա:

Պատմելով Գերմանիայում գործունեության մասին՝ Ալբերտ Թովմասյանը շեշտեց, որ նախկինում ՀՀ Սփյուռքի նախարարությունից աջակցություն չի ստացել իր նախաձեռնած իրադարձություններում՝ խաչքարի տեղադրում, Մուսալեռան հերոսամարտի տոնակատարություն, հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթեր: «Փորձում ենք այդպես մեր երեխաներին մոտեցնել մեր պատմությանը: Նախորդ տարի, օրինակ, մեծ շուքով ենք նշել Մուսալեռան հերոսամարտի տոնը եւ մտադիր ենք դա ավանդույթ դարձնել»,-ասաց նա:

Խնդիրներից էլ առանձնացրեց այն փաստը, որ իրենց մարզում հայկական համայնք փաստացի չկա, քանի որ մոտ 20 ընտանիք են, բայց նրանք ցանկանում են երեխաներին հայերեն սովորեցնել:

«Մեզ դասագրքեր են պետք, որպեսզի ծնողներն իրենք երեխաներին հայերեն սովորեցնեն: Ճիշտ է, գրախանութներից կարելի է «Այբբենարան» գնել, բայց այդ գրքերը սփյուռքի երեխաների համար մատչելի չեն: Իսկ Սփյուռքի նախարարությունն ունի սփյուռքի երեխաների համար նախատեսված հատուկ դասագրքեր: Բայց ստացվում է, որ եթե պաշտոնապես համայնք չես համարվում, ուրեմն գիրք չես ստանում…կարծում եմ՝ ճիշտ չէ այդպես»,-նկատեց մեր զրուցակիցը:

Նա տեղեկացրեց, որ Գերմանիայի մի քանի քաղաքում են միայն գործում հայկական կիրակնօրյա դպրոցներ կամ մշակութային կենտրոններ, ուստի երեխաների հայերենի ուսուցման հարցն օդից կախված է. «Պատկերացրեք՝ երեխան միայն տանն է հայերեն լսում, իսկ տանից դուրս գերմաներենն է: Այդ նպատակով էլ ցանկանում ենք ինքներս մեր երեխաներին տանը հայերեն սովորեցնել մասնագիտացված դասագրքերով»:

Ինչ վերաբերում է Գերմանիայի հայկական համայնքների աշխատանքին, Ալբերտ Թովմասյանի գնահատմամբ՝ շատերն ուշացած են գործում. «Օրինակ՝ մարտ ամսին միայն մտածում են, թե ապրիլի 24-ին ինչ կարելի է կազմակերպել, ինչ երթ անել…Բայց շեշտեմ, որ Գերմանիան չի սիրում, երբ ժողովուրդը դրոշ է բարձրացնում. դա որպես «նացիստական գործընթաց» է ընկալվում: Մեկ խաչքար տեղադրելով՝ ավելի ճիշտ պատասխան ես տալիս հայերի ցեղասպանությունը ժխտող թուրքերին եւ գերմանացիներին, քան դրոշ բարձրացնելով. դա հետո մոռացվելու է: Գերմանիայի 17 հայ համայնքից մոտ երկուսն է, իմ գնահատմամբ, լավ աշխատում»:

Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ օրերս հանդիպել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ եւ ներկայացրել դասագրքերի խնդիրը. «Շատ եմ կարևորում այդ հանդիպումը, քանի որ արդյունավետ քննարկում ունեցանք։ Խոսել ենք հայ-գերմանական հարաբերությունների, մասնավորապես՝ կրթության ոլորտում գործակցությունը զարգացնելու մասին: Նախարար Մխիթար Հայրապետյանն ասաց, որ հնարավորինս կաջակցի խնդրին: Նրա կարգադրությամբ դասագրքերի հարցը կլուծվի»:

Թովմասյանը զրույցի ընթացքում նաեւ տեղեկացրեց, որ իր ընտանիքը Լեեր քաղաքի միակ հայ բնակիչների ընտանիքն է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031