Երեկ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը tert.am-ին հարցազրույց է տվել Արարատյան բակալավրիատի (ԱԲ) վերաբերյալ: Հարցազրույցը մտահոգիչ է, քանի որ դրանում համադրվում են անհամադրելի թվեր և երևույթներ: Այս կապակցությամբ հայտնում ենք հետևյալը:
1.ԱԲ ծրագրի իրականացման նպատակով «Այբ» հիմնադրամին 2015–2018 թթ. պետության հատկացրած և նախատեսած 2,5 մլրդ ՀՀ դրամը կազմում է 2015–2018 թթ. ՀՀ կրթության բյուջեի` 509 մլրդ ՀՀ դրամի մոտ 0,5 տոկոսը (ՀՀ կրթության բյուջեն այստեղ): ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների համար 2015–2018 թթ. հատկացրել է մոտ 54 մլրդ ՀՀ դրամ: ՀՀ կրթության բյուջեի այս տողում են ԱԲ-ին (ԿԳԱԾ) տրված պետական հատկացումները` 2,5 մլրդ ՀՀ դրամը, որը կազմում է նշված բյուջետային տողով ֆինանսավորման 4,7 տոկոսը:
Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների համար նախատեսված գումարները մասնավորաբար ուղղված են կրթության զարգացման և բարելավման տարբեր ծրագրերի, որոնք իրականացվում են այդ թվում մի շարք ոչ պետական կառույցների կողմից:
Թեպետ նշված ժամանակահատվածում ուսումնական հաստատությունների վերանորոգման կամ հիմնանորոգման պլանավորված ծախսերը նույնպես այս տողում են և կազմում են 17,5 մլրդ ՀՀ դրամ (այդ թվում` ԱԶԲ-ի աջակցությամբ սեյսմիկ պաշտպանության ծրագիրը), սակայն շինարարության և կրթության բովանդակության վրա կատարվող ծախսերը տրամաբանությամբ տարբեր բաներ են: Համանման ծախսեր կատարում է ցանկացած երկիր, որովհետև կրթության համար կարևոր է ոչ միայն եղածը պահպանելը, այլ նաև կրթական ծրագրեր ստեղծելն ու զարգացնելը, նորարարություն խթանելը և այլն:
2.Ճիշտ չէ կրթության բյուջեի հատկացումների 0,5 տոկոսը կամ համապատասխան բյուջետային տողի 4,7 տոկոսը թիրախավորելը, խնդիրը քաղաքականացնելը: Անհրաժեշտ են ստուգումների հավասարություն և անաչառություն, ստուգման գործընթացի արդյունավետություն, բովանդակային և մասնագիտական քննարկումներ: Եթե ստուգում են, պետք է ստուգեն բոլորին, և միայն ստուգելուց հետո կարելի է կարծիք հայտնել: Այնինչ կատարվում է ճիշտ հակառակը:
3.Համեմատություններ կատարելիս պետք է համեմատել համեմատելի բաներ: Կարիք չկա կրթության բովանդակությունը և որակը խառնել դպրոցի զուգարանի և կոյուղու խնդիրների հետ` ապակողմնորոշելով մարդկանց: Դպրոցների վերանորոգումը շատ կարևոր է, բայց կրթության որակը պակաս կարևոր չէ:
Այժմ օրինակով համեմատենք համեմատելի բաներ: 2004-2014 թթ. ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր միայն Համաշխարհային բանկի վարկային ծրագրերով ստեղծելու և ներդնելու վրա կատարված ծախսերը կազմում են 9,3 մլն ԱՄՆ դոլար (ներառված չեն պետական բյուջեից յուրաքանչյուր տարի ԿԱԻ-ին այդ նպատակով տրվող գումարները), իսկ ԱԲ-ի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի ստեղծման և ներդրման առաջին փուլի վրա ծախսվել է 0,6 մլն ԱՄՆ դոլար, այսինքն՝ 15 անգամ քիչ: Պետական վերապատրաստման ծրագրերի միջին տևողությունը 5 օր է, իսկ ԱԲ-ինը՝ 1 տարի: Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ պետական վերապատրաստման ծրագրերը պետք է հիմնովին փոխվեն և համապատասխանեցվեն միջազգային որակական չափանիշների, իսկ ԱԲ-ի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը համապատասխանում է OECD TALIS-ի հետազոտության չափանիշներին: Հայաստանում ուսուցիչների զարգացման պետական ծրագրի մշակման խորհրդատվության համար պետությունը շուրջ 0,7 մլն ԱՄՆ դոլար է վճարել հետևյալ միջազգային խորհրդատուներին` Anglia Assessment LTD, IE Partners LTD, ABU Consult Germany: Իսկ ԱԲ-ի` բոլոր ուսուցիչների համար միջազգային որակի, հայալեզու վերապատրաստման ծրագրի խորհրդատվության բյուջեն կազմել է 0,4 մլն ԱՄՆ դոլար, և խորհրդատուն է UCL Institute of Education-ը, որն առաջինն է կրթության ոլորտի համաշխարհային բուհերի դասակարգման աղյուսակում` ըստ QS World University Ranking-ի:
4.2016 թ. կատարված Կրթության չափորոշիչի վերլուծությունը («Այբ» հիմնադրամի և «Ի-Վի քոնսալթինգ» ընկերության կողմից կատարված) լավագույնս ցույց է տալիս մեր հանրակրթական պետական չափորոշիչի և առարկայական ծրագրերի վատթար վիճակն ու անհամապատասխանությունը միջազգային չափանիշներին (հղումը այստեղ): Իսկ ԱԲ-ն ունի միջազգային ճանաչում և ԱԲ-ի շնորհիվ՝ Հայաստանը որպես երկիր հայտնվել է միջազգային ճանաչման ամենահեղինակավոր ցանկերում: Օրինակ` UCAS-ը ճանաչում է ԱԲ-ը և դրանով` Հայաստանը, բայց չի ճանաչում ՀՀ հանրակրթական ատեստատը` այն անբավարար համարելով հեղինակավոր բուհեր ընդունվելու համար: Համեմատության համար նշենք, որ UCAS-ը նաև չի ճանաչում և հեղինակավոր բուհեր ընդունվելու համար բավարար չի համարում Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Չինաստանի և շատ այլ երկրների հանրակրթության որակավորումները:
5.ԱԲ ծրագիրը համաքննվել է Քեմբրիջի համալսարանի և UK NARIC-ի պես հեղինակավոր կազմակերպությունների կողմից: UK NARIC-ի կայքում (հղումն այստեղ) մասնավորաբար ասվում է, որ ԱԲ-ը համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին, օրինակ՝ բրիտանական A Level-ին և ամերիկյան Advanced Placement-ին:
6.Իր կրթական բովանդակությամբ, ուսուցիչների պատրաստման և դպրոցների ինստիտուցիոնալ զարգացման ծրագրերով, քննական համակարգով` ԱԲ-ը մեր հանրակրթության կարևոր ձեռքբերումն է և Հայաստանի քաղաքացիների հարստությունը: Մենք բոլոր կառավարությունների հետ քննարկել ենք և պատրաստ ենք քննարկելու ԱԲ-ի ներդրման ուղիները, դպրոցների ընդգրկման ծավալները և ռազմավարությունը: Ուզում ենք շեշտել, որ ԱԲ-ը որպես ծրագիր ամբողջական փաթեթ է, և որևէ մասի առանձնացում ու ներդրում չի կարող արդյունավետ լինել: Բացի դրանից, ներդրման համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մասնագետների թիմ, որը տարիների ընթացքում ձևավորել է «Այբ» հիմնադրամը:
7.«Այբ»-ը Հայաստանի հեղինակավոր կրթական կառույցներից մեկն է, որը համագործակցել և շարունակում է համագործակցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի, Հարվարդի համալսարանի, Քեմբրիջի համալսարանի, Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի և այլ հեղինակավոր միջազգային կառույցների հետ: ԱԲ-ի նկատմամբ քաղաքականացված մոտեցումը և քաղաքական պատճառներով դրա կասեցումը մեծ հարված կարող է հասցնել մեր երկրի միջազգային հեղինակությանը:
8.«Այբ» կրթական հիմնադրամը, որը ներկայացնում է բարերարների մի մեծ համայնք և ունի որոշումներ կայացնելու մշակված մեխանիզմներ, համաֆինանսավորել է այս ծրագիրը` ցույց տալով Հայաստանի կրթությանը ծառայելու լավագույն օրինակներից մեկը: «Այբ»-ը համարում է, որ պետք է աջակցել պետությանը` լավագույն կրթության հնարավորություն ընձեռելու Հայաստանի բոլոր երեխաներին:
Ամփոփելով ակնկալում ենք բովանդակային երկխոսություն ԱԲ-ի և ընդհանրապես կրթության զարգացման ծրագրերի ու տեսլականի շուրջ: Երկխոսությունը և համագործակցությունը արդյունավետ որոշումների հասնելու բանալիներն են: Միակողմանի որոշումները բերելու են հակարդյունք, և ԿԳՆ-ի միակողմանի հռետորաբանությունը չի նպաստում մեր ժողովրդի միասնականության հասնելու սպասումներին: Հազարավոր մտածող և սրտացավ մարդիկ, որոնք ականատես եղան մեր հեռակա և թեժ հրապարակային բանավեճին, ԿԳՆ-ից և «Այբ»-ից սպասում են երկխոսություն և համագործակցություն: Շահելու ենք բոլորս: Շահելու են մեր պայծառ երեխաները:
«Այբ» կրթական հիմնադրամ