Այսօր հրավիրված Վանաձորի համայնքի ավագանու հերթական նիստի ընթացքում, մինչ օրակարգային հարցերին անցնելը «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը հետաքրքրվեց, թե վերջին ժամանակներում երկրում կատարված փոփոխությունների մասով գործընկեր խմբակցություններն ինչ դիրքորոշում ունեն.
«Փոփոխություններ է եղել, իրավիճակ է փոխվել, եւ մեր նախորդ նիստին չմասնակցելը նաեւ դրանով էր պայմանավորված, որպեսզի հասկանանք, թե այդ փոփոխություններն այստեղ ոնց են անդրադառնում: Ինձ եւ մեր խմբակցությանը հետաքրքիր է, թե «Հայկական վերածնունդ» եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունների դիրքորոշումը: Որովհետեւ կուսակցական մակարդակով հայտարարություններ են հնչել, բայց տեղական մակարդակում որեւէ հայտարարություն, գործողություն մենք չենք տեսել»:
Արձագանքելով Մարուքյանի հարցին, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասաց. «Տեղական կառույցների միջեւ տեղի ունեցող պայմանավորվածությունները չեն չեղարկվել: Այս պահի դրությամբ որեւէ հակառակ բնույթի հայտարարություն չկա: Ավագանիների այն խումբն ում միջեւ կնքվել է տեղական հուշագրեր կամ գոյություն ունեցող նախկին պայմանավորվածությունները, մենք մեզ չենք հայտարարում ընդդիմություն, որովհետեւ սա Հանրապետական կուսակցության միանձնյա կառավարվող ավագանի չէ, այլ ավագանիների խումբ է, եւ իրենց գործունեությունն ուղղված է քաղաքի զարգացանը»:
Ավագանու ՀՅԴ-ական անդամ Սեյրան Աղաբեկյանն էլ ասաց, որ ոչինչ չի փոխվել. «Եթե դիրքորոշման փոփոխություն լինի, անպայման տեղյակ կպահենք: Հիմա փոփոխություն չի եղել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ