«Այն հաղթանակը, որը ժողովուրդը գրանցեց Երեւանում, նաեւ ձերն է, դուք դրա լիարժեք կրողն եք, որովհետեւ այդ հաղթանակը տեղի է ունեցել ձեր հայրենիքում: Մենք զգացել ենք ձեր աջակցությունը»,-այսօր Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վերջիններիս այսպես դիմեց պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հպարտանում եմ՝ տեսնելով ՀՀ-ի եւ Վրաստանի հարաբերությունները: Հպարտ եմ՝ համոզված լինելով, որ մեր երկրների հարաբերություններն ավելի են խորանալու, որ հայերն իրենց ավելի լավ են զգալու Վրաստանում, իսկ վրացիները՝ Հայաստանում: Մեր պետական սահմանները ոչ թե բաժանելու են մեզ, այլ միացնելու, որովհետեւ ամենաբարձր արժեքն այսօր այդ երկու ժողովուրդների ինքնաիշխանություն է, անկախությունը: Մենք պաշտպանելու ենք սեփական հայրենիքում երջանիկ լինելու իրավունքը»,-համոզմունք հայտնեց նա:
Վարչապետը վստահեցրեց՝ չի կարող լինել հիասթափություն, ինչպես ոմանք են մտածում Հայաստանի ներկայիս վիճակի մասին. «Մեր առաքելությունն է՝ հող դառնալ մեր ժողովրդի ոտքերի տակ, որ նրանք ամուր կանգնած՝ նորանոր հաղթանակներ ունենան: Հայ ժողովուրդն այլեւս երբեք չի պարտվելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ