Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ է եղել եզդիների դերը Հայաստանի Առաջին Հանրապետության կերտման գործում

Մայիս 30,2018 19:01

Եզդիների դերը և մասնակցությունը Հայաստանի Առաջին Հանրապետության կերտման գործում. նման խորագրով ծրագիր է իրականացնում «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը։

Ծրագրի շրջանակներում նկարահանվում են 10-15 րոպե տևողությամբ երկու փաստավավերագրական ֆիլմեր՝ քաղաքական գործիչ Ուսուբ Բեկի և ռազմական գործիչ Ջհանգիր Աղայի գործունեության մասին։ Նոր սերունդը քիչ է տեղյակ մայիսյան հերոսամարտերի ժամանակ եզդիների մասնակցության մասին: Այս բացը լրացնելու համար էլ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում կյանքի է կոչվում նշված ծրագիրը։

Նախաձեռնության հեղինակներն այս օրերին հանդիպումներ են ունենում պատմաբանների, հասարակական և քաղաքական գործիչների, Ուսուբ Բեկի և Ջհանգիր Աղայի ազգականների հետ՝ եզդի հերոսների կերպարներն առավել ամբողջական, նրանց և եզդի ժողովրդի մասնակցությունն Առաջին Հանրապետության ստեղծման գործում հանգամանորեն ներկայացնելու համար:

«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի խորհրդի անդամ Համլետ Սմոյանը նկատում է, որ Բաշ-Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերին մասնակցել է Ջհանգիր Աղան՝ մոտ 1500 հոգանոց իր հեծելազորով, Առաջին Հանրապետության խորհրդի անդամ է եղել Ուսուբ Բեկը ՀՅԴ խմբակցությունից։ Համլետ Սմոյանը մեջբերում է Սիմոն Վրացյանի խոսքերը, ըստ որոնց՝ եզդիների դերը մայիսյան հերոսամարտերում վճռորոշ է եղել։ «Հայերի չափ և թերևս հայերից էլ ավելի, եզդիները նախանձախնդիր էին Հայաստանի անկախության խնդրում և ոչինչ չէին խնայում նրա պաշտպանության համար»,- ասել էր Վրացյանը։

Նկարահանվող փաստագրական ֆիլմերը հետագայում ցուցադրվելու են ինչպես եզդիական դասընթացների ժամանակ եզդի աշակերտներին, այնպես էլ հանրության լայն լսարաններին։

Ծրագրի շրջանակներում պատրաստվել են նաև արտաքին գովազդներ. Երևան-Արամավիր ճանապարհահատվածում տեղադրվել են Ջհանգիր Աղայի և Ուսուբ Բեկի նկարներով պաստառներ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031