Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է գործադրել հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի ժողովրդավարությունը թափանցի հեռավոր գյուղական բնակավայրեր. Ս.Պապիկյան

Մայիս 30,2018 18:45

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) պատվիրակությանը, որի կազմում էին  Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը,  ժողովրդավարական կառավարման ծրագրերի վերլուծաբան Ալլա Բակունցը, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատու Աննա Գյուրջյանը, Տավուշի մարզի ծրագրերի համակարգող Արմեն Տիրատուրյանը, գյուղական տուրիզմի ծրագրերի համակարգող Արման Վալեսյանը, «Կանայք և տեղական ժողովրդավարությունը» ծրագրի համակարգող Նատալյա Հարությունյանը։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպությանը Հայաստանում   ծավալած երկարամյա և օգտակար գործունեության համար և նշել, որ ոլորտների այն բազմազանությունը, որոնցում UNDP-ին ներկայացված է, չափազանց կարևոր է մեր երկրի համար։ «Այժմ մեր պետության համար առավել  քան երբևէ կարևոր է տեղերում ժողովրդավարության հաստատումը և այս գործում ձեր մասնակցությունն  անչափ էական եմ համարում։ Միաժամանակ,  մեզ համար մեծ նշանակություն ունի սահմանամերձ համայնքների, հատկապես`  Տավուշի մարզի  տնտեսական կարողությունների բարձրացմանը, դիմակայունության ամրապնդմանն ու ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ձեր ջանքերը»,- ասել է նախարարը։ Անդրադառնալով կազմակերպության կողմից իրականացվող մյուս ծրագրերին՝ նախարարը նաև ընդգծել է մարզերի քաղաքական-հասարակական կյանքին կանանց ինտեգրման, նրանց առաջնորդության կարողությունների զարգացման առաջնահերթությունը, ինչպես նաև  գյուղական համայնքներում զբոսաշրջության զարգացման միջոցով եկամտի այլընտրանքային աղբյուրներ ստեղծելու ջանքերը, ինչը տնտեսական զարգացման համար էական խթան կարող է հանդիսանալ։

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը շնորհակալություն է հայտնել նախարար Պապիկյանին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ՏԿԶ նախարարությունը UNDP-ի համար հանդիսանալով չափազանց կարևոր գործընկեր, միշտ աչքի է ընկել արդյունավետ և կառուցողական աշխատանքով։ Մանրամասն ներկայացնելով կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրային փաթեթը՝  Դմիտրի Մարիյասինը ասել է. «Մեր հիմնական նպատակն ու խնդիրն է  կոնկրետ վայրերում օգնել մարդկանց հաղթահարել առկա դժվարությունները, կայուն մեխանիզմներ ստեղծել սոցիալ-տնտեսական զարգացման համար, որոնք հնարավորություն կտան բնակիչներին տեղերում ինքնակազմակերպվել և հետագա զարգացման խթաններ ձևավորել»։ Դմիտրի Մարիյասինը նաև ներկայացրել է մարզերում գյուղական տուրիզմի զարգացման, ինչպես նաև համայնքներում երիտասարդների  կարողությունների  ու առաջնորդության հմտությունների բարելավմանն ուղղված աշխատանքների ընթացքը։

Իր հերթին նախարար Պապիկյանը ևս մեկ անգամ շեշտել է կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի կենսական նշանակությունը Հայաստանի համար և հավաստիացրել, որ կառավարությունը ունի համապատասխան քաղաքական կամք և հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի ժողովրդավարությունը թափանցի հեռավոր գյուղական բնակավայրեր։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ մշակել տեղական կարողությունների զարգացմանն ու բարեփոխումների խորացմանն  ուղղված նոր ծրագրեր, որոնք միտված կլինեն տեղերում մարդկանց կյանքի բարելավմանը։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման 
նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031