Լրահոս
Օրվա լրահոսը

Գերագույն հոգևոր խորհուրդը և եպիսկոպոսաց դասը հանդիպում ունեցան Հայաստանի Հանրապետության նախագահի հետ

Մայիս 30,2018 18:20

Մայիսի 30-ին, հրավերով  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցավ հանդիպում Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, հայաստանյան թեմերի առաջնորդների և Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների հետ:

Հանդիպումն սկսվեց միասնական Տերունական աղոթքով։ Ողջունելով և շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին հանդիպման առիթով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան ներկայացրեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին և ԳՀԽ գործունեությունն ու եկեղեցական կյանքը կանոնակարգելու գործընթացում կարևոր առաքելությունը։

Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ ՀՀ նախագահի անձը քաջածանոթ է ամենքին՝  Հայրենիքին տարբեր հանգամանքերում իր նվիրյալ ծառայությամբ, նաև որպես Հայոց Եկեղեցու հավատավոր զավակ և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մեծ բարերար:

Նորին Սրբությունը ներկաների անունից գնահատանք հայտնեց նախագահ Սարգսյանին վերջին ներհայաստանյան զարգացումների ժամանակ ստանձնած ներգործուն դերակատարության և հոգևորականաց դասի հետ ունեցած համատեղ քննարկումների համար, որպեսզի գործընթացներն առաջնորդվեն խաղաղ կարգավորման և հանգուցալուծման։

Այնուհետև ԳՀԽ անդամներին խոսքով դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ուրախություն հայտնելով Գերագույն հոգևոր խորհրդի հետ հանդիպելու հնարավորության առիթով։ «Դուք համայնքներում ամեն օր հանդիպում եք մեր ժողովրդի ներկայացուցիչներին. լինի Արցախում, Հայաստանի հյուսիսում, հարավում, լինի Լոս Անջելեսում, Փարիզում, Մոսկվայում կամ այլուր: Հետևաբար, եկել եմ նաև ձեզանից լսելու, թե մեր ժողովուրդն ինչ է մտածում: Եկել եմ նաև ձեզ հետ երկխոսելու», – ասաց ՀՀ նախագահը։

ՀՀ նախագահն անդրադարձ կատարեց  Հայ Եկեղեցու դերակատարությանը հայ ժողովրդի ոգու և հավատի, ընտանեկան արժեքների և առ հայրենին սիրո պահպանության գործում։ Տիար Արմեն Սարգսյանն արձանագրեց, որ Հայոց Եկեղեցին և հավատքը պետականության սյուներից են և ոչ միայն որպես ինստիտուտ, այլ նաև որպես մշակույթ՝ այն արժեքներով, որոնք Եկեղեցին դավանում է, որոնցով հարյուրավոր տարիներ պահվել է հայի ինքությունը, պահպանվել է մշակույթը, կրթվել հայ մանուկները։ Նախագահը նկատեց, որ այդ ամենի մեջ Եկեղեցու ներդրումը հսկայական է և արժեքը` աննկարագրելի։

Հանդիպմանը ՀՀ նախագահը պատասխանեց ԳՀԽ անդամների ու եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին Հայրենիքի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին, Հայաստան-Սփյուռք կապերին, ներհայաստանյան իրավիճակին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031