Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահագն Գուրզադյան. Տարակուսելի է երիտասարդ ակտիվիստների ակնհայտ անհարգալից վերաբերմունքը, թե մայր բուհի, թե նրա ղեկավարության նկատմամբ

Մայիս 30,2018 17:54

Լիովին կիսում եմ ԵՊՀ պրոռեկտորների հայտարարության մտահոգությունը մայր բուհում կատարվածի վերաբերյալ: Համալսարանը յուրաքանչյուր երիտասարդի համար պետք է լինի սրբավայր, իսկ ուսուցիչը, դասախոսը ակնածանքի առարկա: Որոշ ազգերում կա ընդգծված ուսուցչի պաշտամունք, իսկ մենք հպարտանում ենք մեր միջնադարյան համալսարաններով:

Իհարկե, այսօր՝ ինչպես այլ ոլորտներում, մեր բուհական համակարգը ունի իր կուտակված խնդիրները, որոնցից մի մասի պատճառները դուրս են տվյալ բուհի պատերից: Բոլոր դեպքերում այդ խնդիրները պետք է բարձրաձայնվեն, այդ թվում հենց երիտասարդների կողմից, լուծումներ փնտրվեն հենց երիտասարդների մասնակցությամբ:

Սակայն տարակուսելի է երիտասարդ ակտիվիստների ակնհայտ անհարգալից վերաբերմունքը, թե մայր բուհի, թե նրա ղեկավարության, թե անձամբ ռեկտոր Արամ Սիմոնյանի նկատմամբ: Տարբեր կերպ կարելի է վերաբերվել այս կամ այն ղեկավարի գործունեությանը, բայց չի կարելի վիրավորել՝ հարցաքննողի կեցվածքով, պարտադրանքային հրահանգներով, վաստակաշատ դասախոսին, գիտնականին, մայր բուհի երկարամյա ղեկավարին:

Ժամանակին ես արտահայտվել եմ զորակոչի տարկետման խնդրի շուրջ, նշելով դրա վտանգը երկրի երկարաժամկետ պաշտպանունակության համար, սակայն տվյալ դեպքում գտնում եմ, որ երիտասարդների պահանջները կարող էին լինել ավելի գործնական, ավելի գրագետ և ոչ անձնավորված:

Հուսով եմ, որ երիտասարդները իրոք չէին ցանկանում անցնել այս օրերի համերաշխության մթնոլորտի սահմանները, շուտուփույթ կազատեն զբաղեցրած դահլիճը և գործնականորեն կմասնակցեն առկա հարցերի լուծմանը:

Ուսուցչապետ Արամ Սիմոնյանին ցանկանանք շուտուփույթ ապաքինում:

 

Վահագն Գուրզադյան

ֆիզ.մաթ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Կոսմոլոգիայի կենտրոնի ղեկավար, ԱԱԳԼ, ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031