Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխության օրերին բանկերից դուրս եկած գումարները ոնց գնացել են, այդպես էլ՝ վերադարձել են

Մայիս 30,2018 18:15

Հեղափոխության օրերին հայաստանյան գրեթե բոլոր բանկերից ավանդների պայմանագրերի խզումներ եղել են, սակայն հիմնականում փոքր ավանդների եւ դրանք էական ազդեցություն չեն ունեցել ֆինանսական շուկայի վրա: Այդուհանդերձ, բանկերից արտահոսած գումարները ինչպես որ գնացել են, այնպես էլ` վերադարձել են բանկեր: Այսօր այս մասին ասաց Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը.

«Խոշոր գումարների արտահոսք մենք չենք ֆիքսել, գիտեք՝ խոշոր գումարների արտահոսքն այդքան հեշտ բան չէ: Մենք ունենք ֆինանսական դիտարկումների կենտրոն, բացի նրանից որ այդ կենտրոնը ցանկացած ֆինանսական խոշոր հոսք պարտադիր հետազոտում է մինչեւ վերջ, նաեւ ստացող ֆինանսական համակարգը հենց ստացան միանգամից նրանք են սկսում ֆիքսել եւ հետեւել՝ ինչ հոսք էր, որտեղից էր, դա այդքան հեշտ չէր իրականացներ բանկերի միջոցով, որը մոնիտորինգ չլինի, չհսկվի»:

Aravot.am-ի ճշտող հարցին, թե խոսքը երկրից արտահոսքի մասին չէր, այլ բանկերից խոշոր գումարների արտահոսքի, որոնք սակայն մնացել են երկրում, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Այդ օրերին խոշոր գումարներ բանկերից դուրս չեն եկել»:

Պարոն Գրիգորյանը նաեւ ասաց, որ հեղափոխության օրերին, փողոցների փակ լինելու պատճառով ինկասացիան գիշերով են կատարել, որպեսզի բանկերում գումարները չպակասեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Պարոն Գրիգորյանը ներկայացրեց Ֆինանսական կայունության հաշվետվությունը տարվա կտրվածքով՝ վստահեցնելով, որ արձանագրել է սպասվածից էլ ավելի տնտեսական աճ: Ըստ նրա, 2017-ին Հայաստանից արտահանվող մետաղների գներն են բարձրացել, դրամական փոխանցումներն ու ապրանքաշրջանառությունն աճել է, վարկերն ու ավանդներն աճել են, բանկերում էլ վատորակ ակտիվների պորտֆելներն են նվազել:

Aravot.am-ի հարցին, թե նոր կառավարությունը պարբերաբար խոսում է վարկերի տոկոսադրույքները էականորեն նվազեցնելու, Նիկոլ Փաշինյանը քննարկումներ է ունենում բանկերի կառավարիչների հետ գյուղվարկերի տույժ տուգանքները սառեցնելու նպատակով, արդյոք այս քայլերը չե՞ն կատարվի ի վնաս բանկերի եւ հնարավո՞ր է մոտ ապագայում էժան տոկոսադրույքներով վարկեր, ինչին որ հույսով սպասում են մեր քաղաքացիները, պարոն Գրիգորյանն ասաց, որ վերջին տասը տարում տոկոսները մեր երկրում նվազում են. «2014-ից այս կողմ մենք ունեցել ենք 4 տոկոսային կետի նվազում միայն վարկերի»: Ըստ պարոն Գրիգորյանի, կապ չունի նախորդ կառավարությունը թե այս, շարունակում են նվազել վարկերի տոկոսները:

Մեր այն հարցին, թե խոսքը էական նվազման մասին է եւ ոչ թե տարիների այլ՝ կարճ ժամանակահատվածի, Անդրանիկ Գրիգորյանը պատասխանեց, որ կարճ ժամանակահատվածում կտրուկ փոփոխություններ չենք ունեցել, նույն միտումն է. «Տոկոսները շուկան է որոշում»:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական վարկերի նախկինում կուտակված տույժ տուգանքները ներելուն, պարոն Գրիգորյանն ասաց, որ դա, իհարկե, կլինի ի վնաս բանկերի, բայց ներում իրականացնելու համար կան որոշակի օրենսդրական սահմանափակումներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցին, թե ապօրինի հարստացած իշխանավորները կամ օլիգարխները որտեղ են պահել իրենց գումարները, պարոն Գրիգորյանն ասաց, որ այդ հարցերին չի կարող պատասխանել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031