Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է առաջանան նոր քաղաքական ուժեր, որոնք նույնիսկ մրցակից կլինեն ԵԼՔ-ին». Արամ Մայիլյան

Մայիս 30,2018 17:19

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը պարտադիր է:

Մամուլի ազգային ակումբում «Հետհեղափոխական Հայաստանի ներքաղաքական օրակարգը» թեմայով հրավիրված քննարկմանը պարոն Շահգելդյանը հայտարարեց՝ ընտրությունները հնարավորինս շուտ պետք է անցկացվեն. «Իհարկե, անհրաժեշտ են Ընտրական օրենսգրքի փոփոխություններ: Առաջնայինը ռեյտինգային համակարգի փոփոխությունն է, որը հանգեցրեց ընտրակաշառքների մասսայական բաժանման: Կուսակցությունների մասին օրենքը ևս պետք է փոփոխություն կրի: Պիտի լինի մարտի 1-ի բացահայտում: Մյուս խնդիրը Սասնա ծռերի գործի հետ կապված նոր, օբյեկտիվ քննության անցկացումն է: Կան մարդիկ, որոնք պետք է ազատվեն, քանի որ բոլորը չեն եղել շենքում, և ձերբակալված են մարդկանց մի մասը, որոնք չեն եղել շենքում»:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արամ Մայիլյանի կարծիքով՝ քաղաքական օրակարգ ձևավորելու պատվիրատուն հասարակությունն է: Ըստ պարոն Մայիլյանի՝ պետք է առաջանան նոր քաղաքական ուժեր, որոնք նույնիսկ մրցակից կլինեն ԵԼՔ-ին: Դառնալով ԵԼՔ-ին՝ ԳԽ պատգամավորն ասաց. «Նա հեղափոխական ալիքի վրա եկավ, իսկ հեղափոխություն նշանակում է հուզականություն, բողոքականություն և ոչ կազմակերպվածություն: Նոր ուժեր կառաջանան: ՀՀԿ-ն կարելի է համարել անցած էտապ. նման բաներ շատ ենք տեսել, դրանք մեկ գիշերվա մեջ են քանդվում»:

«Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի տնօրեն, «7օր» կայքէջի հիմնադիր Անդրանիկ Թևանյանի բնութագրմամբ՝ հետհեղափոխական ոչ ստանդարտ իրավիճակ է ստեղծվել. ասիմետրիա կա խորհրդարանի և կառավարության միջև: Ըստ նրան՝ սա ապացուցում է, որ 2017-ին քաղաքական դաշտն ուղղակի ոչնչացվել և ապաքաղաքականացվել էր. «Այս տարվա ապրիլյան իրադարձությունները քաղաքական կյանքի ապաքաղաքականացման հետևանք են: Անկախ նրանից, երբ տեղի կունենան ընտրությունները, քաղաքական դաշտում երեք օրակարգեր պիտի լինեն: Բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում. բոլոր այն մարդիկ, որոնք հայտնվել են ճաղերի հետևում, Սերժ Սարգսյանի իշխանության կողմից շատ ավելի վտանգավոր են համարվել, քան նրանք, որ հանդիսանում են ակտիվ խաղացողներ: Եթե բաց չեն թողնում այդ անձանց, ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ: Լեգիտիմ չեն կարող համարվել նաև այն ընտրությունները, որոնք տեղի կունենան մինչև ԸՕ փոփոխությունները: Պետք է նաև ցուցակների հստակեցում: Փոփոխության պետք է ենթարկվի սուպերվարչապետական համակարգը. լիազորությունները պետք է բաշխվեն կառավարության, խորհրդարանի, նախագահի ինստիտուտների միջև մինչև ընտրություններ»:

Ըստ Անդրանիկ Թևանյանի՝ զուտ տեխնիկական առումով և գործընթացների տրամաբանությունը հաշվի առնելով՝ այդ ընտրությունները կարող են տեղի ունենալ մեկ տարվա ընթացքում, եթե այլ զարգացումներ չլինեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031