Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոշոր առևտրային ցանցերը պետք է վճարեն ԱԱՀ գյուղատնտեսական մթերքների դեպքում». Սուրեն Պարսյան

Մայիս 30,2018 17:01

ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը չի բացառում, որ խոշոր առևտրային կենտրոններում ստուգումները և հավասար դաշտում աշխատելու պահանջը կարող է հանգեցնել այդ ցանցերում որոշ ապրանքատեսակների գծով գների բարձրացման:

«Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հարցին՝ նման ստուգումներից հետո խոշոր առևտրային ցանցերը կկարողանա՞ն նույն եկամտաբերությամբ աշխատել, պարոն Պարսյանը պատասխանեց. «Չգրանցված աշխատակիցների փաստի շնորհիվ նրանք ունեն մրցակցային առավելություն ի տարբերություն փոքր ու միջին բիզնեսի: Լրացուցիչ ծախսերի առկայության դեպքում գնային քաղաքականությունը կվերանայեն. առանձին ապրանքների դեպքում գուցե գները բարձրացնեն: Կգնան ծախսերի նվազեցման, արդյունավետության աճի: Ստիպված կլինեն ինտենսիվ եղանակով ցանցերի արդյունավետությունը բարձրացնել»:

Ըստ Սուրեն Պարսյանի՝ լուծումը մեկն է. «Խոշոր առևտրային ցանցերը պետք է վճարեն ԱԱՀ գյուղատնտեսական մթերքների դեպքում: Այդ դեպքում բավականին մեծ գումարներ կգան պետբյուջե: Թող մի քիչ էլ թանկ վաճառեն ապրանքները, ո՞վ ասաց, որ պետք է բոլոր ապրանքների գծով մրցակցություն ունենան: Գյուղմթերքներն էլ թող թանկ լինեն այդ ցանցերում: Ո՞վ ասաց, որ սուպերմարկետները պետք է բոլոր եկամուտները հավաքագրեն, բա փոքր ու միջին բիզնե՞սը»:

Հիշեցնելով, որ ՊԵԿ-ը հայտարարեց՝ սկսվել է կոնկրետ վերահսկողություն խոշոր առևտրային ցանցերում, Սուրեն Պարսյանը պահանջեց հայտարարել կոնկրետ արդյունքներ՝ քանի՞ չգրանցված աշխատող է բացահայտվել, ի՞նչ արդյունքներ ունենք, ի՞նչ ծավալի խախտումների մասին է խոսքը:

Էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագների նվազեցման հնարավորության մասին խոսելով՝ Սուրեն Պարսյանը փաստեց. «Բնական գազի և էլեկտրաէներգիայի համակարգերում դեռ գոյություն ունեն բարձր տեխնոլոգիական անխուսափելի կորուստներ, որոնք դրված են սակագնի հաշվարկման հիմքում: Գազի դեպքում այդ կորուստը 5,37 տոկոս է և սակագնի վրա մեծ ազդեցություն ունի: Կոնկրետ այս կորստի հաշվարկը իրականացվում է բավականին հին՝ 2000-ականների մեթոդաբանությամբ: Նախ պետք է այդ մեթոդաբանությունը փոխվի»:

Ըստ պարոն Պարսյանի՝ մարդիկ առանձին գազի սպասարկման համար չպետք է վճարեն. «Այդ ծախսերը կարելի է մտցնել սակագնի մեջ, և միաժամանակ այլ ծախսերի հաշվին սակագինը կարելի է իջեցնել: Թե չէ նույն տրամաբանությամբ էլեկտրաէներգիայի դեպքում էլ կարելի է այդպիսի կազմակերպություն ստեղծել, որը կգա ներքին անվտանգության վիճակը կգնահատի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031