Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմպոզիտորները հեռանում են միությունից. «Միությունը խոշոր հետընթաց քայլ է արել»

Մայիս 30,2018 16:54

Մի խումբ կոմպոզիտորներ դուրս են եկել Հայաստանի կոմպոզիտորների միությունից կամ պատրաստվում են այդ քայլին: Аravot.am-ի հետ զրույցում կոմպոզիտոր Վարդան Աճեմյանն իր այդ քայլն այսպես մեկնաբանեց. «Օրինակ, ես դիմում չեմ գրել, միայն նրա համար, որ չգնամ, հասնեմ այնտեղ, բայց, ըստ էության, դուրս եմ եկել միությունից»:

Կոմպոզիտորն ասաց, որ մեկ տասնյակից ավելի կոմպոզիտորներ են նման կերպ վարվել, եւ նրա խոսքով, շատերը չեն համակերպվում միության աշխատաոճին:

«Այդ մարդը (նկատի ունի Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանին-Գ.Հ.) միայն իր մասին է մտածում, իր շրջապատի եւ իր ուսանողների: Ես կարծում եմ, որ Դիլիջանի ստեղծագործական տունը նույնպես կորցնում ենք, պետք է փրկել իրավիճակը»,-հայտնեց Աճեմյանը:

Կոմպոզիտորից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է այլընտրանքային մեկ այլ միություն ստեղծեն: Վարդան Աճեմյանը չբացառեց այն:

«Կոմպոզիտորների միությունից հիմնականում գրող կոմպոզիտորներն են դուրս գալիս, արժեքներ ստեղծողները»,-շեշտեց մեր զրուցակիցը` նշելով  Վահրամ Բաբայանի, կոնսերվատորիայի պրոռեկտոր Մհեր Նավոյանի եւ այլոց անունները:

Կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը Аravot.am-ի հետ զրույցում ասաց, որ երկու տարի է, ինչ Հայաստանում չեն հնչում իր ստեղծագործությունները, եւ սա այն դեպքում, երբ ինքը 45 տարի է՝ միության անդամ է: «Ես համարվում եմ միության անդամ, որովհետեւ գրածս դիմումին դեռ ընթացք չեն տվել: Ամեն դեպքում նոյեմբերին, թե դեկտեմբերին դիմումում նշել եմ, որ դադարեցնում եմ միությանն իմ անդամությունը…Իմ քայլը արել եմ»,-ասաց նա: Նաեւ հավելեց, որ իրեն խոստումներ են տրվում, առաջարկներ արվում, որոնք սկզբունքորեն մերժում է:

Պարոն Բաբայանն ասում է, որ դժգոհության պատճառները եւ անձնական են, եւ ընդհանուր. «Դրանք վերաբերում են թե միությունը վատ ղեկավարելուն, թե ինձ: Անընդհատ սպասումների մեջ էինք, հուսադրված էինք, խոստումներ էին հնչում, բայց ոչինչ չի փոխվել…Օրինակ, Ֆրանսիայում Վահրամ Բաբայանի երաժշտության փառատոն է կազմակերպվում, որը շարունակական պիտի լինի, ինչը որեւէ այլ հայ կոմպոզիտորի պարագայում չի եղել: Գրքեր են գրվել իմ մասին, շատ ուրիշ նվաճումներ ունեմ դրսում, մինչդեռ երկու տարուց ավելի կլինի՝ Հայաստանում իմ ստեղծագործություններից որեւէ նոտա անգամ չի հնչել»,-ներկայացրեց կոմպոզիտորը:

Նա ասաց, որ թեեւ 25 տարի է՝ գործում է նաեւ Լեւոն Չաուշյանի ղեկավարած Հայկական երաժշտական համաժողովը, սակայն չի բացառվում, որ մեկ այլ միավոր ստեղծվի: «Շատերը դա ռելիկտային մի բան են համարում, բայց աշխարհում, օրինակ՝ Գերմանիայում, ԱՄՆ-ում եւ այլուր, կան միություններ, ասոցիացիաներ, համախոհների խմբավորումներ: Թող լինի, ասենք, 8, 10 կամ 12 համախոհի միություն, բայց ոչ այնքան ուռճացված, ինչպես Կոմպոզիտորների ներկայիս միությունն է: Այնտեղ մոտ 140 հոգի կա` ամեն ճաշակի, որակի մարդ… Այս միությունում անդամները կտրուկ տարբերվում են միմյանցից, բայց օգտվում են միության բարիքներից հավասար չափով, ինչի արդյունքում երբեմն լավերը տուժում են»:

Կոմպոզիտոր Աշոտ Բաբայանն էլ նշեց, որ դեռեւս 4 տարի առաջ է միությունից հեռանալու դիմում գրել, սակայն իր անդամությունը չեն դադարեցրել: Պարոն Բաբայանը կարծում է, որ միությունը խոշոր հետընթաց քայլ է արել դեպի 80-ականները. «Դրանք միության ամենավատ տարիներն են եղել, եւ հիմա էլ վերադարձել են 80-ական թվականների մտածողությանն ու մեթոդներին, ինչը ինձ չի բավարարում: Ճիշտ է, Արամ Սաթյանն ընտրվելուց խոստացավ այլ կերպ աշխատել, սակայն այդ «այլկերպը» չենք տեսնում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի տեսակետը` հաջորդիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Իմ ստեղծագործությունները Երևանում չեն հնչել, արդեն, 6 տարի: Այն դեպքում, որ, օրինակ, իմ ալտի կոնցերտը Մարինյան թատրոնի կողմից 2016 թ.ճանաչվել է, որպես սովետական շրջանի, իր տեսակի մեջ լավագույներից մեկը և մի քանի անգամ կատարվել է Մարինյան թատրոնի նվագարմբի և մենակատարների միջոցով … Այդ կոնցերտը, գրել եմ 1981թ., որը այդ տարիներին ՀԿՄ բյուրոկրատիայի կողմից մի քանի անգամ մերժվել է …

  2. anna says:

    Կոմպոզիտորների միությունը լրիվ անիմաստ կազմակէրպություն է:Նպաստում է կորուպցիային:Իմ կարծիքով վերջին տարիներին հանրությունը չի լսել որևէ արժանի ստեղծագործություն:

  3. Իմ կողմից հարգարժան գործընկերները շատ բան ասացին,բացի բուն պատճառներից մեկի մասին.Հարցն այն է,որ ՀԿՄ-ը վաղուց չի ղեկավարում հաստիքով նախագահ ձեւակերպված անձը:Այն ղեկավարվում է ԿՄ Տեղեկատվության գծով հարցերի վարիչ,փաստաբանական գիտելիքներով օժտված Էդմոնդ Մակարյանի կողմից,ով«գիշերը քնում,առավոտը վեր է կենում» իրեն,շնորհիվ իր նման երիտասարդ կոմպոզիտորների բանակի թվի,միության նախագահ է տեսնում…Սաթյանը առանց Է.Մ-ի ընդունակ չէ կազմակերպչական գործունեություն ծավալել, եւ որպես շնորհակալություն,ջահել ջիվան կոմպոզիտորին ներկայացրեց Մշակ.Նախար…. Ոսկե մեդալին(երեւի Ամիրյանը «ոսկու պաշարի» ավելցուկ ուներ)….Ընդ որում ,ելնելով իր շահերից, Է.Մ.-ը աղավաղում է անգամ ԿՄ նիստերի ժամանակ վաստակաշատ կոմպոզիտորի հայտնած կարծիքը ,եւ գրանցում ԿՄ ֆբ-յան էջում,մասնավորապես՝ 20.03.17 եւ31.05.18-ի նիստերում Երվանդ Երկանյանի արտահայտած մտքերը….(երեկ եմ խոսել Ե.Ե.հետ,հեռախոսով):Եւս մի հարց.Իմ հարգարժան գործընկերներից ՈՉ ՈՔ (ինձնից բացի) չբարձրաձայնեց,թե ԿՄ նախագահ Արամ Սաթյանի որ արժանիքների համար ՍՍ-ը պարգեւատրեց նրան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին(Ա-ՌԱ-ՋԻՆ)կարգի շքանշանով»…Դրանով իսկ ՍՍ- անարգեց ՊԵՏԱԿԱՆ կարեւոր նշանակություն ունեցող շքանշանը…հարցեր շատ կան….Իսկ եթե սրանց էլ ավելացնենք ԿՄ Փառատոնների,կամ ԿՄ շրջանակներում հայտարարված մրցույթների հանդեպ ինքնակամ ,դոմինանտային որոշումները….շատ հեռու կգնանք…Պատրաստ եմ բոլոր տեսակի ընդիմախոսությանը,անգամ «Առավոտ»ի «Կլոր սեղան»ի շուրջ՝ ՊԱՏՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶՐՊԱՐՏԱՆՔՆԵՐԻ ԴԵՄՔԸ:

  4. Sergey says:

    Ես այսօր լավագույններից լավագույնների մեջ եմ, անգամ իմ որակով ծալում եմ հներից շատերին, բայց էլի ուշադրություն չկա: Մրցանակ է տրվում աղջիկներից մոկին, ով ավաղ չկամ մարդ է, դա էլ ծիծաղելի է:

    • Anonymous says:

      Հարգելի Sergey, ես ընդունում եմ քո լավագույներից լավագույն լինելը, բայց խնդրում եմ ներկայացիր՝ գրիր քո ազգանունը, որ ճանաչենք քեզ … Հարհանքով՝ Ա. Բ.

  5. Հարգելի «Առավոտ».Շուրջ երկու ամիս է անցել նյութի քննարկումից,արդյո՞ք տեղյակ եք պահել ԿՄ նախագահությանը արտահայտված կարծիքների մասին.Շնորհակալություն:

    • Հարգելի Նուբար Ասլանյան, ոչ: «Առավոտը» նման սովորություն չունի՝ տեղյակ պահել արտահայտված կարծիքների մասին:

      • Նույնպես հարգելի Աննա Իսրայելյան. Ինձ «սխրանքի»դիմեց խմբագրության այս տողերը«Հ.Գ. Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի տեսակետը` հաջորդիվ»: Արդ՝ եթե պիտի արտահայտվի ԿՄ նախագահի տեսակետը,ապա կնշանակի այն(տեսկետը) հիմնված պիտի լինի ՆԱԵՎ թերթում նշված կարծիքների վրա…այնպես չէ՞..Իսկ «Առավոտը» նման սովորություն չունի՝ տեղյակ պահել արտահայտված կարծիքների մասին»…: Ապա ինչի մասին պիտի խոսի Սաթյանը….Կամ էլ որն է թերթի նպատակը,պարզպես ընթերցողին տեղյակ պահել,թե «ով,ինչ է ասու՞մ»…Ինձ թված,թե թերթը նույնպես պիտի ունենա իր մոտեցումը, չնայած…..

        • Հարգելի պրն Ասլանյան, թերեւս չեք նկատե՞լ, որ Արամ Սաթյանի տեսակետը հրապարակված է: Խնդրեմ՝ https://www.aravot.am/2018/05/31/960903/

          • Այո,հարգելի Աննա Իսրայելյան Դուք իրավացի եք,չեմ նկատել Սաթյանի գրածը…կարդացի, եւ կարող եմ երդվել բոլոր Սրբերի անունով,որ Սաթյանը այդքան բառապաշար չունի չեղած տեղից«շոկոլադ»հրամցնելու:Ես արդեն վերեւում ասել եմ,թե ով է ղեկավարում ԿՄ-ը,եւ եթե կարճ,Սաթյանը նախագահ է աշխատում ինֆորմացիայի բաժնի վարիչ(ինքն է նշանակել՝ կախման մեջ էր…հարց կա…)էդմոնդ մակարյանի մոտ,ով իր շուրջն է հավաքել ջահելներին (երիտասարդներին),որոնց շնորհիվ էլ հաջորդ ընտրություններում կօծվի նախագահ( …եթե ԿՄ մնա…):Ի դեպ Էդմոնդ մակարյանի շնորհիվ էլ Սաթյանը հաղթեց Աճեմյանին՝ Էդմոնդը,(եւ Սաթյանի տղան)իրենց շուրջ հավաքեցին իրենց հասակակիցներին,սրան էլ գումարած Սաթյանը ընտրություններից առաջ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ,ԿՄ շարքերն ընդունեց մի խումբ ջահելների(ՈՐ ՁԱՅՆԵՐ ՍՏԱՆԱ):2016 թվին հեղինակածս կլարնետի կոնցերտը Վահրամ Բաբայանի ղեկավարած «սիմֆոնիկ եւ կամերային երաժշտության սեկցիա»յով ստացավ իրավունք մասնակցելու ԿՄ փառատոնին:Այո, կատարվեց, այն էլ փայլուն(ամերիկացի հրեա կլարնետահարը հատուկ եկել էր կատարելու,ի դեպ,Ջեֆ Հովվարդը չստացավ ոչ հոնարար,ոչ էլ նրան վճարվեց ճանապարհածախս,հյուրանոց եւ սնունդ…իսկ գուց եվ «վճարվե՞Լ է»արժե ստուգել. Ճանապարհածախս եւ հյուրանոցի գումար չստացավ նաեւ Իսրայելից ժամանած իմ մենակատար տրոմբոնիստ Դենիս Վուլը…իսկ գուցե նրան է՞լ են վճարել…).Դուք հարցրեք Վ.Բաբայանին ,թե ինչ արգելքներ դրեց Սաթյանը իր դեմ,որպեսզի գործս չկատարվի… Պարզապես,իմ գլուխը«ավելի հաստ է»,քան թե սաթյանների…Կարծում եմ շուտով,շատ շուտով ամեն ինչ կելնի ջրի երես:Աստծու սիրույն,սա բամբասանք չհամարեք՝ պատասխանատու եմ յուրաքանչյուր բառիս համար:Իսկ եթե այս բոլոպրին էլ գումարենք Սաթյանի քմահաճույքով անցկացրած մրցույթները,ապա Այվազովսկու 9-րդ ալիքը տկար կլինի սաթյանական ինքնակամ որոշումների դիմաց.Կարող եմ այլ,ավելի դիպուկ բառեր օգտագործել,բայց հարգում եմ թերթը…..

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031