Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջադրվել է մեղադրանք «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակցի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն օժանդակելու համար

Մայիս 30,2018 16:45

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ Ավան վարչական շրջանում ապրիլի 22-ին «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակցի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն օժանդակելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակից Վ.Թադևոսյանը (լուսանկարում) 2018 թվականի ապրիլի 22-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ իրականացրել է իր լրագրողական գործունեությունը, որի ժամանակ քաղաքացիական հագուստով և բժշկական դիմակներով անձինք պահանջել են դադարեցնել տեսանկարահանումը, ապա մահակներով հարվածել են նրան, ոլորել ձեռքերը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Բացի այդ, հափշտակել են լրագրողի «IPad Air 2» տեսակի պլանշետը և «Samsung Galaxy J7» տեսակի բջջային հեռախոսը՝ դրանով խոչընդոտելով նրա՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը, այնուհետև մահակներով հարվածել և վնասել լրագրողին պատկանող «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որը միացվել է Ավան վարչական շրջանի տարածքում 2018թ. ապրիլի 20-22-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ հարուցված այլ քրեական գործերերին, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում: Վ.Թադևոսյանը ճանաչվել է տուժող։

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակից Վ.Թադևոսյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն մասնակցություն ունեցած անձանցից մեկի ինքնության վերաբերյալ։

Տուժողի մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, որոնց ժամանակ լրագրողը կասկածյալին մատնացույց է արել՝ որպես իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձին օժանդակողի։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1983թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 38-164-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ կատարված բռնություններին մասնակցություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031