Լրահոս
Օրվա լրահոսը

Էրեբունու թաղապետը՝ թաղային հեղինակություն Պիստ Արմենի մասին. «Ես չեմ հրաժարվում, նա իմ մանկական ընկերն է, եթե բռնություն է արել՝ պատասխան կտա»

Մայիս 30,2018 16:19

Էրեբունի վարչական շրջանում հայտնի թաղային հեղինակություն Պիստ Արմենը, որն իր թիմակիցներով մասնակցում էր բողոքի ցույցի՝ ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի, թաղապետի ընկերն է: Այս մասին Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը խոստովանեց՝ Aravot.am-ի հարցին ի պատասխան: Այսօր Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստ էր, որի ընդմիջման ժամանակ մենք Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կմեկնաբանի, որ Էրեբունի համայնքի թաղային հեղինակությունները հանուն Տարոն Մարգարյանի բողոքի ցույցներին են մասնակցել եւ բռնություն գործադրել Մարգարյանի դեմ ցուցարարների նկատմամբ: Գրիգորյանն այս առնչությամբ ասաց. «Ես ձեր ասած դեպքին չեմ տիրապետում, եւ դա, ասում եմ՝ իրավապահ մարմինների գործն է»:

Մեր ճշտող հարցին՝ ցույցի մասնակիցներից էր Պիստ Արմենը, որ թաղապետի մտերիմն է, եւ ըստ լրատվամիջոցների, թաղապետի թողտվությամբ թաղապետարանում եւ համայնքում ինչ-որ հարցեր է լուծում, թաղապետը պատասխանեց. «Ես չեմ հրաժարվում, նա իմ մանկական ընկերն է, բայց նա որեւէ բռնության գործողությունների չի մասնակցել: Եթե մասնակցել է՝ ինքը պատասխան կտա»: Հիշեցնենք, այս Պիստ Արմենը հայտնի է մի շարք աղմկահարույց դեպքերով:

Ինչ վերաբերում է Պիստ Արմենի՝ թաղապետարանում հարցեր լուծելուն, Գրիգորյանն ասաց. «Ձեր ասած անձին ես որեւէ լիազորություն չեմ տվել: Ինքը լրիվ օրինաչափ, իրա օրինական ընթացակարգով իրա կյանքը ապրում ա»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ընդդեմ Սերժ Սարգսյանի ցույցերի ժամանակ Էրեբունի համայնքում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած թաղային հեղինակությունների եւ թաղապետարանի աշխատակիցների՝ այդ բռնություններին մասնակից լինելու մասին էլ թաղապետն ասաց. «Իրավապահ մարմիններն են զբաղվում եւ համապատասխան պատասխանատվության կենթարկվեն: Մեր աշխատակիցները որեւէ մեկին չեն ծեծել: Եթե ցույց կտաք, որ մեկին ծեծել են՝ խիստ կպատժվեն»:

Հարցին՝ այդ անձանց հայտնվելը պատահակա՞ն էր ապրիլի ցույցերին, Գրիգորյանն ասաց. «Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր կամքն արտահայտել»:

 

Դավիթ Գրիգորյանն ասաց, որ ինքը Տարոն Մարգարյանի թիմից է, եւ եթե Մարգարյանը որոշի հրաժարական տալ՝ կքննարկեն: Այսպես արձագանքեց Գրիգորյանը դիտարկմանը՝ եթե Փաշինյանը Տարոն Մարգարյանին հորդորի հրաժարական տալ, նա կհետեւի հորդորին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031