Բելառուսում ձերբակալվել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգնական, Գրոդնոյի մարզի հարցերով տեսուչ Սերգեյ Ռովնեյկոն: Ինչպես հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով երկրի պետական անվտանգության կոմիտեին, պաշտոնյան ձերբակալվել է 200 հազար դոլար կաշառք ստանալու պահին:Այժմ բարձրաստիճան պաշտոնյան գտնվում է մեկուսարանում և խոստովանական ցուցմունք է տալիս:
Ավելի քան 1 տարի առաջ իրավապաշտպաններն իմացել են, որ Ռովնեյկոն կաշառք է ստացել «տարբեր անձանցից իր լիազորությունների շրջանակներում գտնվող մի շարք հարցեր լուծելու» համար: Այդ ժամանակից ի վեր պաշտոնյային հետևել են՝ նախագահ Լուկաշենկոյի թույլտվությամբ:
Ռովնեյկոյին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում՝ գույքի առգրավմամբ: Նա Լուկաշենկոյի օգնականն էր 2015 թվականից ի վեր:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ