Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահի դրությամբ միայն Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը երաշխավորված կարող են ասել, որ տեղ ունեն ապագա ԱԺ-ում». Վահե Հովհաննիսյան

Մայիս 30,2018 15:37

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի համոզմամբ՝ այս պահի դրությամբ՝ ընդամենը երկու հոգի կարող են երաշխավորված ասել, որ իրենք տեղ ունեն ապագա ԱԺ-ում:

Մամուլի ազգային ակումբում «Հետհեղափոխական Հայաստանի ներքաղաքական օրակարգը» թեմայով հրավիրված քննարկմանը պարոն Հովհաննիսյանը մանրամասնեց. «Այդ երկու անձինք Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանն են: Քաղաքական ուժեր, որպես այդպիսին, չկան, նույնիսկ հայտնի չէ, թե Նիկոլ Փաշինյանը որ դաշինքով, ուժերով կգնա, ինքն ունի անհատապես բարձր վարկանիշ և գնալու է: Նույնը վերաբերում է Գագիկ Ծառուկյանին: Մյուս քաղաքական ուժերը պետք է արագ վերանան իլյուզիաներից, որ իրենք այս պահի դրությամբ տեղ ունեն ապագա խորհրդարանում: Որ պահանջում են՝ արագ անենք, օր առաջ անենք, թե սեպտեմբերին, նրանք ունենալու են զրո տոկոս ձայն: Եվ դա այսօրվա քաղաքական դեֆոլտի արդյունքն է: Դրա համար մինչև հարցերի տեխնիկական կողմերին անցնելը՝ Ընտրական օրենսգիրք, մատնահետքեր, դիտորդներ, եթե չստեղծվեն նոր ուժեր ու դաշինքներ, մյուս խորհրդարանը ոչ մի բանով ավելի լավը չի լինելու, քան այս: Նրա ստեղծած պրոբլեմները երեք-չորս ամիս հետո շատ ավելի վատ են լինելու, քան հիմա: Մենք կարող ենք բառիս բուն իմաստով ունենալ դիկտատուրա»:

Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ պարտադիր պետք է լինի որևէ պաշտոնական փաստաթուղթ այն մասին, թե ով ինչի համար է պատասխանատվություն ստանձնում՝ տապալման և հաջողության համար. «Պետք է հասկանալ՝ ինչ կառավարություն է և ովքեր են կրում պատասխանատվություն: Քանի դեռ չկա կոալիցիոն կառավարության կամ այսպես ասած՝ ազգային համաձայնության հուշագիր, մինչև կառավարության ծրագիր բերելը պետք է հասկանանք՝ ովքեր են հեղինակներն այդ ծրագրի ու տերերը: Սա նրա համար, որ հետո ամեն մեկը չասի՝ ի՞նչ կապ ունենք այդ կառավարության հետ»:

Վահե Հովհաննիսյանի համոզմամբ՝ հեղափոխությունը պաշտոններ նշանակելուց հետո կանգ չի առնում:

Պարոն Հովհաննիսյանը նշեց, թե պետք է գտնեն այն սև ցուցակի կազմողներին, որի համաձայն՝ ընդդիմադիր քաղաքական գործիչներին ժամանակին եթեր չէին տրամադրում: Վահե Հովհաննիսյանը հիշեցրեց՝ կա լեգենդ, կամ իրականություն, որ ընդդիմադիր քաղաքական, հանրային գործիչներին տարիներ շարունակ գաղտնալսել են: Նախկին պատգամավորը հորդորեց ԱԱԾ պետին շատ արագ հասկանալ, թե ում հրամանն է դա եղել, ինչ ծավալով են եղել գաղտնալսումները, ով է հրաման տվել սրճարաններում, տներում իրենց հեռախոսային խոսակցությունները լսել:

Ամփոփելով թեման՝ պարոն Հովհաննիսյանը հայտարարեց. «Այն երկրները, որոնք գնացել են թավշյա հեղափոխության ճանապարհով, այդ փուլերն անցել են: Վրաստանում մի քանի հազար ֆայլեր հանրության առաջ այրվեցին, խոստացան՝ նման բան չի լինելու: Եթե ուզում ենք ունենալ ազատ, արդար ընտրություններ, այդ հարցերի պատասխանները պիտի տանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031