«Ռոսսելխոզնադզոր»-ը դիմել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին` խնդրելով չքաղաքականացնել Հայաստանից Ռուսաստան լոլիկի արտահանման հարցը։ Ինչպես տեղեկացնում է «Ռոսսելխոզնադզոր»-ի կայքը, այս մասին գերատեսչության տնօրեն Սերգեյ Դանկվերտն ասել է մայիսի 28-ին Մոսկվայում ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Արմեն Հայրապետյանի հետ հանդիպմանը։
Կողմերը քննարկել են Հայաստանից Ռուսաստան լոլիկի արտահանման հետ կապված խնդիրները:
Դանկվերտի խոսքով՝ վերոնշյալ թեմայի հետ կապված բոլոր հարցերը կրում են բացառապես տեխնիկական բնույթ և կապված են Ռուսաստանի տարածքում բուսասանիտարական բարեկեցության ապահովման հարցում վերահսկող մարմինների անմիջական գործառույթների կատարման հետ:
Նշվում է, որ մայիսին 450 ավտոմեքենաներով Հայաստանից Ռուսաստան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 9200 տոննա լոլիկ, «Ռոսսելխոզնադզոր»-ը 27-ի դեպքում լոլիկների խմբաքանակի մեջ ցեց է հայտնաբերել:
Հայրապետյանն իր հերթին ռուսական կողմին հավաստիացրել է, որ կարճ ժամանակում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն առկա խնդիրները լուծելու համար:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ