Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի դպրոցում, խախտելով «Լեզվի մասին» օրենքը՝ ելույթ ունեցավ անգլերեն

Մայիս 30,2018 16:00

«Պարոն Փաշինյանն իր գործունեության բոլոր փուլերում միանշանակ աջակցել կամ գոնե համամիտ է եղել հայերենի կարգավիճակը պաշտպանող հանրային շարժումներին։ Հիմք ունեմ կարծելու, որ իր մոտեցումը արմատապես չի փոխվել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Դեմ եմ օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը։

Հարցն այն է, որ վերջին զանգի օրը, Դիլիջանի միջազգային դպրոցում Նիկոլ Փաշինյանն իր ողջույնի խոսքն ասաց անգլերեն լեզվով եւ առանց համաժամանակյա թարգմանության:

Մինչդեռ «ՀՀ լեզվի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն գրական հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին»: Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են. «բ) համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու հանրային միջոցառումների, հեռուստառադիոհաղորդումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը»:

Պետական լեզվին պատշաճ վերաբերմունք չցուցաբերելու համար տարբեր պաշտոնյաներ քանիցս են քննադատության արժանացել, այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանի սեփականություն «Հայկական ժամանակ» թերթում:

«Հայաստանում պետական պաշտոնյան, առավել եւս առաջին դեմքը, ցանկացած հրապարակային ելույթ պետք է ունենա բացառապես պետական լեզվով։ Հուսով եմ, որ աշխարհին համակրելի երեւալու այս փուլն արդեն ավարտվում է՝ աշխարհն աննախադեպ համակրանքով է դիտարկում Հայաստանը, եւ թե վարչապետը, թե մնացած պաշտոնյաները կգործեն բացառապես ազգային պետությանը վայել շրջագծի սահմաններում, ինչը ներառում է հայերենի բացարձակ գերակայությունը, որպես առաջնային բաղադրիչ»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը։

Այս առիթով Aravot.am-ը մեկնաբանություն է խնդրել նաեւ վարչապետի թիմակից, նախկինում «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամ, այժմ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանից: Վերջինս դեռ չի արձագանքել մեր հարցադրմանը:

Ուշագրավ էր նաեւ, որ վերջին զանգի արարողությանը մասնակցելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնաց հենց Դիլիջանի դպրոց: Հիշեցնենք, որ ժամանակին ինքն անխնա քննադատում էր այդ դպրոցի սեփականատերերին:

Մասնավորաբար, 2013 թվականի հունիսի 19-ին ունեցած իր ելույթում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագիծը ուղղակի կապ ունի ծագած օֆշորային սկանդալի հետ: Ըստ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի, Դիլիջանի դպրոցը կառուցող ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանին հարկային արտոնություններ տալով, կառավարությունը փորձում էր օֆշորային սկանդալի արդյունքում «Ամերիա» բանկից հափշտակած գումարները վերադարձնել: «Այս նախագիծը, որ մենք քննարկում ենք, քննարկում ենք հենց կոռուպցիոն սկանդալի ուժով»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031