Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ է, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները ապրում եւ մարզվում են Հայաստանում. Արթուր Գեւորգյան

Մայիս 30,2018 14:47

Հայաստանի բռնցքամարտիկներ Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանը եւ Գոռ Երիցյանը մուտք են գործել պրոֆեսիոնալ ասպարեզ եւ վստահ քայլերով առաջ են ընթանում; Իսկ Արամ Ավագյանն օրերս Իսպանիայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում արդեն նվաճեց WBS International Silver գոտին:

Նրանց հաղթանակների առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը նշեց. «Առաջին անգամ է, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներն ապրում եւ մարզվում են Հայաստանի Հանրապետությունում: Մինչեւ հիմա հայ բռնցքամարտիկները, որոնք հաջողության են հասել, բնակվելու են մեկնել ԱՄՆ, Եվրոպա, Ավստրալիա, այնտեղ են փորձել իրենց բախտը եւ հաջողության հասել: Երբեք չի եղել, որ Հայաստանում բնակվող եւ մարզվող բռնցքամարտիկները գնան, պրոֆեսիոնալ ռինգում հաղթեն եւ վերադառնան Հայաստան»:

Արթուր Գեւորգյանն ընդգծեց, որ մեր երեք բռնցքամարտիկները պրոֆեսիոնալ բռնցքամարտի բարձունքներ տանող ճանապարհի սկզբին են: Նա նաեւ ասաց, որ տղաների այս հաղթանակները վկայում են, որ ֆեդերացիան ճիշտ ուղու վրա է:

Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյաննն էլ հավելեց. «Երեք բռնցքամարտիկ ունենք, որոնք պրոֆեսիոնալ ռինգում ընդհանուր առմամբ անցկացրել են 23 մենամարտ եւ ոչ մի պարտություն չեն կրել: Ավելին, դրանց 75 տոկոսում հաղթել են նոկաուտով»: Նրա խոսքով 24-րդ մենամարտը կանցկացնի Նարեկ Աբգարյանը: Դա նույն գոտու համար մարտ է լինելու, ինչ Արամ Ավագյանինն է, սակայն այլ քաշային կարգում:

Արթուր Գեւորգյանը շարունակեց. «Մեր տղաները ԱՄՆ-ում մեկ ամիս ծանր մարզումներ անցկացրին իրենց քաշային կարգերում աշխարհի այսօրվա ուժեղագույն բռնցքամարտիկների հետ եւ մարզումային մենամարտերում նրանց ոչ մի բանով չէին զիջում, եթե չասեմ՝ արդեն գերազանցում էին: Մենք մեր առջեւ խնդիր էինք դրել, որ տղաներն իրենց մաշկի վրա զգային պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբերությունը սիրողականից եւ հասկանային, որ նրանք իրենցից լավը չեն: Բայց կրկնում եմ, աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031