Այսօր լրագրողներն ԱԺ-ում ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանից հետաքրքրվեցին՝ հիմա, երբ «Նորֆոլկ Քոնսալթինգով» զբաղվում են իրավապահ մարմինները, մաքսազերծում ո՞վ է իրականացնում՝ նորից հին համակարգի՞ն ենք անցել: Նա պատասխանեց, որ եթե մաքսազերծում չիրականացվի, առեւտրականները կունենան պրոբլեմներ. «Մաքսազերծումն իրականացվում է տնտեսվարողների կողմից»:
Հարցին՝ ժամանակին, երբ ստեղծվեց «Նորֆոլկ Քոնսալթինգը», ասում էին, որ 9 կարգոների թիկունքում կոռուպցիոն սխեմա կար, կոռուպցիոն այդ սխեմաներով մաքսազերծում էին անում, հիմա նորից նույն այդ կարգոների՞ն ենք վերադառնում՝ Մաշադյանը պատասխանեց. «Ներկա պահին որեւէ տնտեսվարող սուբյեկտ չի կարող դժգոհել ՊԵԿ-ի այն գործողություններից, որ ստիպում են, որ այլ կազմակերպություն իրականացնի այդ գործառույթը: Ինչ վերաբերում է կարգոներին, դրանք ոչ միայն իրականացնում են մաքսազերծման աշխատանքներ, այլ փաստացի այդ բեռների տեղափոխումն են իրականացրել երկար տարիներ, ասենք՝ Չինաստանից, Թուրքիայից ՀՀ: Համոզված եմ, որ ներկա պահին այդ կազմակերպությունները շարունակում են բեռների տեղափոխումը ՀՀ: Մաքսազերծումը թողնված է տնտեսվարող սուբյեկտներին: «Նորֆոլկի» կողմից իրականացվել է մաքսազերծման աշխատանքներ այն տնտեսվարողների համար, ովքեր իրենց համաձայնությունը տվել են, որ որպես հանձնակատար՝ «Նորֆոլկն» այդ գործն անի»:
Նա վստահեցրեց, որ «Նորֆոլկ Քոնսալթինգի» ստեղծմամբ՝ կարգոները չեն փակվել: ՊԵԿ փոխնախագահը վստահեցրեց, որ իրավիճակը ավելի բարելավվելու է եւ թափանցիկ է լինելու քաղաքացիների համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ