Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահի տեղակալը՝ Միքայել Մելքումյանին. ՊԵԿ-ը չի նպաստել մենաշնորհների ձեւավորմանը

Մայիս 30,2018 14:27

«Անցած տարիներին մեր տնտեսությունում կառուցվածքային տեղաշարժերը ինչպես եք գնահատում»,- այսօր խորհրդարանում շարունակվող 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին հարցրեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Պատգամավորին հետաքրքրում էր խոշոր բիզնեսի տեղաշարժը. «6-7 տարի առաջ 80-85 գերհզոր ընկերություն կար, դրանք իջան, ի՞նչ է  կատարվում, խոսքը վերաբերում է մոնոպոլիաների ձեւակերպմանը: Ո՞րն է դրանց ձեւավորման հիմնական պատճառը»: Միքայել Մելքումյանը նկատեց նաեւ`ստվերի կրճատման առումով սպասելիքները շատ են: Միեւնույն ժամանակ, պատգամավորը նկատեց, ստվերից դուրս բերման արդյունքում որոշ ընկերություններ կարող են փակվել:

Ռաֆիկ Մաշադյանը հավաստիացրեց`Հայաստանում  ՊԵԿ-ն իր գործողություններով չի  նպաստել մենաշնորհների ձեւավորմանը. «Համենայնդեպս, հարկային վարչարարությունը կիրառելիս ձեռնպահ ենք մնացել` անուններ լսելիս չանենք վարչարարություն»:

Միքայել Մելքումյանը հակադարձեց`դա ոլորտի աշխատակիցների «հավատարիմ սկզբունքն է» եւ հիշեցրեց ԱԱԾ-ի վերջին բացահայտումը`սուպերմարկետների մասով, երբ 5%  հարկ են վճարել 20%-ի փոխարեն:

Ռաֆիկ Մաշադյանը պարզաբանեց`սուպերմարկետներում խնդիր է առաջացել, որովհետեւ մեր երկրում կան հարկման տարբեր ռեժիմներ:

Հարկերի հավաքագրումը արտահայտո՞ւմ է մեր իրականությունը, արդյոք բազմաթիվ ներկրողներ չեն շրջանցել մաքսային մարմինները եւ հսկայական գումարներ չմուտքագրվելով՝ բյուջեն տուժել է`թեման շարունակեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Ես հայտնում եմ պատասխանատու ձեւով` նախկին իշխանության օրոք ամեն ինչ արել եք տնտեսությունը մոնոպոլիզացնելու համար եւ եթե գնահատական չտաք, վստահեցնում եմ այս մեթոդները չեն վերանալու»,- շարունակեց Սերգեյ Բագրատյանը` հակադարձելով ՊԵԿ նախագահի տեղակալի այն հայտարարությանը, թե իրենք չեն նպաստել մենաշնորհների ձեւավորմանը:

ՊԵԿ փոխնախագահը հստակեցրեց`իր հայտարարությունը վերաբերվում է ՊԵԿ-ի իրականացրած գործառույթներին. «Թե նախկինում եղել են գործողություններ մաքսային մարմինների կողմից, որոնք նպաստել են մենաշնորհների ձեւավորմանը` այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում: Եթե նման բան եղել է, իմ կարծիքով դա ճիշտ չի եղել, իսկ հիմա, որ նման մոտեցում չի լինի, ես, որպես ՊԵԿ նախագահի տեղակալ, վստահ եմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031