Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման ցուցում երբեւիցե չի եղել, որ խոշոր ձկներին պետք է բռնենք». ՊԵԿ փոխնախագահ

Մայիս 30,2018 14:05

Այսօր ԱԺ-ում ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ մեր այս աղքատ երկրում ո՞նց կարող է հարկային մարմինների ուշադրությունը չգրավել այն հանգամանքը, որ «Երեւան սիթիների» գանձապահները ամեն մեկը մի անհատ ձեռնարկատեր է ու միլիոնատեր է՝ Մաշադյանը պատասխանեց. «Ես չեմ կարող գնահատել՝ Սիթիի գանձապահը միլիոնատեր է, թե չէ: Ես եւ դուք իրավունք ունենք աշխատելով որեւիցե տեղ՝ զբաղվել այլ բիզնեսով»:

Մեր հարցին՝ բա ո՞նց են հիմա նկատել ու բռնել այդ սխեման՝ նա պատասխանեց. «Սխեման մեր համար գաղտնիք չի եղել, մենք տիրապետել ենք այդ ինֆորմացիային, որ առեւտրի մի կետում գործում են մեկից ավելի տնտեսվարող սուբյեկտներ»:

Հարցին՝ ձեր մոտ որեւէ կասկած չի՞ հարուցել այդ հանգամանքը՝ նա պատասխանեց. «Բազմաթիվ առեւտրի կետեր ես կարող եմ նշել, որտեղ առեւտուր իրականացնում են մեկից ավելի տնտեսվարող սուբյեկտներ»:

Հարցին՝ մտնելո՞ւ եք այդ բազմաթիվ առեւտրի կետեր՝ Մաշադյանը պատասխանեց, որ քմահաճույքով չեն կարող մտնել. «Ստուգումները բացառապես իրականացնում ենք ռիսկերի գնահատման հիման վրա: Մեր նպատակը տնտեսվարող սուբյեկտներին տուգանելը չի: Մեր նպատակն է, որ ՀՀ-ում բոլոր գործարքները փաստաթղթավորվեն»:

Մենք հարցրեցինք՝ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր արել եւ հրահանգել էր «խոշոր ձկներին» բռնել, հիմա, փաստորեն, ստացվում է, որ «խոշոր ձկները» ամենաբարձիթողի վիճակում են եղել, ինչո՞ւ չեք հետեւել Սերժ Սարգսյանի խոսքերին, դուք էլ «խոշոր ձկներին»՝ խոշոր հարկատուներին բռնող տեսչության պետն եք եղել: ՊԵԿ փոխնախագահը պատասխանեց. «Խոշոր ձկներին բռնե՞լ, նման ցուցում երբեւիցե չի եղել, որ խոշոր ձկներին պետք է բռնենք, ոչ թե մանրերին: ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում միշտ եղել են խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, որովհետեւ բյուջեի մուտքերի զգալի մասն ապահովում են այդ տնտեսվարողները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031