Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեխանիզմը ոչ թե անվստահություն հայտնելն է կառավարությանը, այլ հենց վարչապետի հրաժարականը». Բագրատ Եսայան

Մայիս 30,2018 13:57

«Հեղափոխության գլխավոր խնդիրը պետք է լինի արտահերթ ընտրությունների կազմակերպումը հնարավորինս արագ՝ այս տարվա կտրվածքով և պետության օպերատիվ կառավարումը»,- Մամուլի ազգային ակումբում «Հետհեղափոխական Հայաստանի ներքաղաքական օրակարգը» թեմայով հրավիրված քննարկմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ հասարակությունը փողոցներում և հրապարակներում այդ պահանջը դրել է: Aravot.am-ի հարցին՝ փորձագետները մտահոգություն են հայտնում, որ ստեղծվել է քաղաքական և սահմանադրական ճգնաժամ, հետևաբար ինչպե՞ս պետք է կազմակերպվեն այդ ընտրությունները, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Քաղաքական պահանջը երբ ձևավորվում է, իրավականը միշտ փնտրտուքներով գտնվում է: Կա մի քանի ուղի՝ խորհրդարանում սահմանադրական փոփոխություններ են իրականացվում և ՀՀ նախագահին տրվում է լիազորություններ՝ որպես պետության գլուխ իրավունք ունենալ խորհրդարանը ցրել: Մյուս ուղին այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս և երկու ընտրություններից հետո վարչապետ չի ընտրվում, խորհրդարանը ցրվում է, և արտահերթ խորհրդարանական ընտրություններ են կազմակերպվում»:

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանի կարծիքով՝ իրավական մեխանիզմներ կան ընտրություններ անցկացնելու համար. «Մեխանիզմը ոչ թե անվստահություն հայտնելն է կառավարությանը, այլ հենց վարչապետի հրաժարականը և հետագայում նոր վարչապետ չընտրելու ձևով է հնարավոր միայն անցկացնել խորհրդարանական ընտրություններ: Միանգամից քսան օրվա ընթացքում ծրագիր չհաստատելու միջոցով նոր ընտրությունների արդյունքում խորհրդարանական ընտրությունների անցկացումն իրատեսական չէ: Ընտրությունների կազմակերպման համար որոշ նախապատրաստություններ են պետք՝ ԸՕ փոփոխություններ: Այնուամենայնիվ, ԸՕ-ն ձևավորեց և հաստատվեց այն ձևով, որ ՀՀԿ-ն հնարավորություն ունի տարբեր միջոցներով ձևավորել այն համակարգը, որը գոյություն ուներ: Հիմա մենք պետք է փորձենք ապամոնտաժել ԸՕ-ում թաքնված ստորջրյա խութերը. ռեյտինգային համակարգն ուղղակի պիտի վերանա: ՀՀ ցանկացած քաղաքացու համար պետք է հնարավորություն ստեղծվի իր ընտրական իրավունքի իրացման համար: Առայսօր արտերկրում գտնվող մեր հայրենակիցները իրավունք չունեն քվեարկության մասնակցել: Երրորդը ընդդիմությանը տրվող ինստիտուցիոնալ իրավունքների ընդլայնման հարցն է, կուսակցությունների մասին օրենքը»:

Բագրատ Եսայանի համոզմամբ՝ հնարավոր է մինչև 2019-ն անցկացնել ընտրություններ:

Aravot.am-ի հիշեցմանը՝ ՀՀԿ խմբակցությունը կարծես թե միտված չէ կողմ քվեարկել ԸՕ-ում կատարվող փոփոխություններին՝ պարոն Եսայանն արձագանքեց. «Հույս ունեմ, որ ՀՀԿ-ում կգտնվեն մարդիկ, որոնք, այնուամենայնիվ, կողմ կքվեարկեն ռեյտինգային համակարգի վերացմանը: Իսկապես, այդ պսևդոքաղաքական համակարգը, որ 1991-ից է գալիս, դրա շարունակման միակ երաշխիքը մնացել է ռեյտինգային համակարգը: ՀՀԿ-ում կան մարդիկ, որոնք զուտ մտածելով պետության նկարագրի մասին՝ կողմ կքվեարկեն, ինչպես կողմ քվեարկեցին վարչապետին»:

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը պարոն Եսայանին հակադարձեց. «Խորհրդարանում ես եղել եմ Արմեն Ռուստամյանի կողքին և լսել, թե ինչպես են կողմ արտահայտվում հենց նույն այդ ռեյտինգային համակարգին, տեսանյութերը կան, թե ինչպես է ՀՅԴ խմբակցությունը կողմ քվեարկում այդ օրինագծին: Ժամանակին բոլորը կողմ էին, հիմա բոլորը դեմ են»: Պարոն Եսայանն արձագանքեց՝ հորդորելով նկատի ունենալ այն իրավիճակը, որի ընթացքում քննարկվում էր և նկատի ունենալ այն օրենսգիրքը, որը փոփոխվում էր. «Դաշնակցությունը հիմա էլ ասում է, որ կողմ է ռեյտինգային համակարգին, բայց մեկ համապետական ցուցակի շրջանակներում ռեյտինգային համակարգին: Սա պաշտոնական ասված տեսակետն է: Եվ պատահական չէ, որ ընտրություններից հետո հենց առաջին հարցը, որ դրեց Դաշնակցությունը, այս տեսքով ռեյտինգային համակարգի վերացումն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031