Երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ հրավիրել է իր մոտ 10-12 ցանցային առեւտրով զբաղվող կազմակերպությունների ֆինանսական տնօրեններին եւ զգուշացրել, որ նախկին համաձայնությունները կառավարության հետ այլեւս չեն գործելու: Այսօր ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանից հետաքրքրվեցինք՝ այդ ի՞նչ համաձայնություն է եղել, որ օրենքը թույլ չի տալիս, այսինքն, դա ի՞նչ հանցավոր համաձայնություն է, անհավասար դաշտ է ստեղծվում, եթե ցանցային առեւտրով են զբաղվում եւ օրենքն ասում է՝ պետք է վճարեք 20 տոկոս, ինչո՞ւ են իրենք 5 տոկոս վճարել:
Մաշադյանը պատասխանեց, որ քննարկումները եղել են պարբերաբար ու շարունակական. «2016-ին մեր կողմից դրվել էր սկզբունք, որ բոլոր առեւտրի կետերը պետք է տրամադրեն ՀԴՄ կտրոններ: Մենք հանդիպումներ ենք ունեցել տվյալ ոլորտի ներկայացուցիչների հետ եւ փորձել լսել նաեւ իրենց խնդիրները: Խնդիրը բարձրացվել է, որ կան ապրանքներ, որոնց գծով ձեռքբերումները հնարավոր չի փաստաթղթավորել եւ իրենք անհավասար դաշտում են գտնվում շրջանառության հարկի դաշտում գործող կազմակերպությունների հետ, որովհետեւ մենք օրենսդրությամբ թույլ ենք տվել, որ այդ դաշտում գործող տնտեսվարող սուբյեկտները իրենց ձեռքբերումները չփաստաթղթավորեն»:
ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ հենց այդ ժամանակ էլ որոշել են նման համաձայնության գալ, սուպերմարկետում տարանջատել են տնտեսվարողներին, սկսել են գործել մի քանի կազմակերպությունով ու մի մասը գործել է շրջանառության հարկի դաշտում, մի մասը՝ ԱԱՀ-ի:
Լրագրողները հարցրեցին՝ եթե այդ ամենը ունեցել է շատ տրամաբանական եւ օրինական զարգացում, հիմա, փաստորեն, ԱԱԾ-ն անօրինակա՞ն գործողություններ է անում, ուզում ենք հասկանալ՝ դո՞ւք եք այն ժամանակ անօրինական աշխատել, թե՞ ԱԱԾ-ն է հիմա սխալ բաներ անում՝ Մաշադյանը պատասխանեց, որ ոչ, ԱԱԾ-ն՝ իր գործողություններն իրականացնում է բացառապես օրենքի շրջանակներում…Կա ինֆորմացիա, որ նշված տնտեսվարող սուբյեկտները, որոնք գործել են իրենց տարածքում, իրացրել են ոչ միայն գյուղմթերք, այլ նաեւ տարբեր ապրանքներ եւ կա հստակ ինֆորմացիա, որ շատ տնտեսվարող սուբյեկտներ տեղյակ չեն եղել իրենց՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստից»:
Հարցին՝ մինչեւ իշխանության փոխվելը հարկային ծառայությունը տեղյակ չէ՞ր դրանից՝ նա պատասխանեց, որ հարկային ծառայությանը երբեք չի հետաքրքրել՝ բիզնես իրականացնողը տեղյա՞կ է, որ ինքը բիզնես ունի, թե՞ ոչ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ