Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ փոխնախագահը՝ Սամվել Ալեքսանյանի մոտ ստուգումների եւ համակարգիչները առգրավելու մասին

Մայիս 30,2018 13:27

Այսօր ԱԺ-ում լրագրողները ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ է այս պահին կատարվում Սամվել Ալեքսանյանի բիզնեսների հետ կապված, մասնավորապես «Երեւան սիթիներում», մասնավորապես, տեղեկություններ կան, որ համակարգիչներն են այս պահին հանում ընկերության գրասենյակներից:

Նա պատասխանեց, որ ՊԵԿ-ն այս պահին այնտեղ գործողություններ չի իրականացնում. «Իմ ինֆորմացիայով ԱԱԾ-ի գործողություններն են տվյալ տնտեսվարողի մոտ: ՊԵԿ-ից տվյալ ընկերությունում ոչ մի դիմակավորված աշխատակից չկա»:

Հարցին՝ խոշոր հարկ վճարողների տեսչության պետ էիք երկար տարիներ, ինչո՞ւ խոշորներին հարկային դաշտ չէիք բերում, որ հիմա այս իրավիճակն է ստեղծվել եւ արդեն ԱԱԾ-ն է սկսել ընկնել նրանց հետեւից, ինչո՞ւ ժամանակին ձեր գործառույթները նորմալ չեք իրականացրել՝ նա պատասխանեց. «Ես համաձայն չեմ ձեր գնահատականի հետ, որ նորմալ չեն իրականացվել գործառույթները, իմ կարծիքով, հարկային մարմինների գործառույթներն ամենօրյա են՝ կապված ստվերի կրճատման հետ, ինչը իրականացվել է ՊԵԿ-ի կողմից նախորդ տարիներին: Մեր գերակա նպատակը եղել է գործարքների փաստաթղթավորման վերջնական կայացումը ՀՀ-ում: Խոշոր հարկ վճարողների հարկային ռեեստրում աշխատած ժամանակ իմ բոլոր գործողությունները ուղղված են եղել դրա ապահովմանը, իհարկե, 100 տոկոսանոց արդյունքի չենք հասել: Աշխարհում չկա երկիր, որ ստվեր չունենա, մեր գործողություններն անընդհատ ուղղված է եղել ստվերի կրճատմանը»:

Նա ասաց, որ եթե ԱԱԾ-ն ստուգումների արդյունքում խնդիրներ տեսնի, ապա օրենքով սահմանված ժամկետներում խախտում արած տնտեսվարողները կվճարեն պետբյուջե չվճարված գումարները:

Մաշադյանն ասաց, որ բնական է, որ խոշորները պետք է լինեն թիրախում, նրանք են ապահովում հարկերի մեծ մասը ու խոշորների մոտ էլ հենց թվային առումով կարող են լինել մեծ հարկերի պակաս հայտարարագրման դեպքեր:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե խոշորները այս ստուգումներից հետո փակվեն, ի՞նչ վտանգ եք տեսնում հարկերի հավաքագրման՝ Մաշադյանը պատասխանեց. «Առաջին խոշոր հարկ վճարողը Ալեքսանյանը չի, խոշորներից է: Ես չեմ կարող գնահատական տալ, որ գործողությունների արդյունքում հնարավոր է բիզնեսը փակվի: Իմ կարծիքով բիզնեսը պետք է այնպես կառուցել, որ գոյատեւի եւ արդյունքներ բերի ոչ հարկերի պակաս հաշվարկման հաշվին»:

Լրագրողները հարցրեցին՝ ուզում ենք հասկանալ, ինչո՞ւ է գործը հասել ԱԱԾ-ին, մարդիկ տարիներ շարունակ հարկեր են թաքցրել հարկային մարմինների քթի տակ, ինչո՞ւ է բարձիթողի վիճակ եղել՝ նա պատասխանեց. «Բարձիթողի վիճակ չի եղել, ես այդպիսի գնահատական չեմ տալիս: ԱԱԾ-ի գործողությունները այս պահին իրականացվում են այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, ովքեր «Երեւան սիթիի» տարածքում գործել են՝ որպես առանձին տնտեսվարող սուբյեկտներ: Խնդրին մենք տեղյակ ենք եղել երկար տարիներ, անընդհատ քննարկումներ ենք ունեցել: Ես միշտ դա պայմանավորել եմ հարկման տարբեր ռեժիմների առկայությամբ, ինչպես նաեւ ԱԱՀ-ի գծով որոշակի ոլորտներին տրամադրված արտոնություններով, այսինքն, ստացում է, որ գյուղմթերքների մասին է մասնավորապես խոսքը սուպերմարկետներում ու ոչ միայն «Երեւան սիթիներում», այլ նաեւ բոլոր մնացած ցանցային առեւտրով զբաղվողների մոտ գնագոյացման ժամանակ նույն շահութաբերության կիրառման դեպքում վաճառքի գինը ստացվել է ավելի բարձր, քան շրջանառության հարկի դաշտում գործող տնտեսվարողների մոտ: Ես մնում եմ իմ կարծիքին, որ այդ հարկը վճարում է ոչ թե տնտեսվարողը, այլ՝ վերջնական սպառողը՝ մենք: Բայց գնագոյացման ժամանակ այդ գործոնը բավականին նշանակություն է ունեցել եւ ստացվել է անհավասար գներ՝ ԱԱՀ-ի դաշտում գործող տնտեսվարողների եւ շրջանառության հարկի դաշտում գործող տնտեսվարողների մոտ»:

Հարցին՝ այսինքն, հարկ չվճարելու այդ սխեման համատարա՞ծ է եղել, ոչ միայն Սամվել Ալեքսանյանի մոտ եւ դա դիտվել է՝ որպես նորմալ հարաբերություննե՞ր՝ ՊԵԿ փոխնախագահը պատասխանեց. «ՊԵԿ-ը երբեւէ որեւէ տնտեսվարողի համար առանձին դիրքորոշում կամ առանձին մոտեցում չի ցուցաբերել: Նման գործելաոճ ունեցել է ոչ միայն տվյալ կազմակերպությունը, այլ առեւտրային ցանց ունեցող շատ կազմակերպություններ, որոնց հետ մենք երեկ չէ առաջին օրը արդեն իսկ հանդիպել ենք եւ ներկայացրել ենք ՊԵԿ-ի դիրքորոշումը նրանց հետագա աշխատանքի հետ կապված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031