ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 30-ին հրավիրված նիստում քննարկվել են թվով 16 ընկերություններին նախազգուշացնելու և երկու ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցերը:
Ընկերությունները, հանձնաժողովի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան, մինչև սույն թվականի ապրիլի 20-ը հանձնաժողով պետք է ներկայացնեին 2017 թվականի տարեկան արդյունքներով լրացված ֆինանսական հաշվետվությունները և տեղեկատվությունները: Սահմանված ժամկետի խախտմամբ հաշվետվությունները հանձնաժողով ներկայացրած թվով 18 ընկերությունների նկատմամբ հարուցվել էր վարչական վարույթ՝ հանձնաժողովի իրավական ակտերով սահմանված ժամկետի խախտման փաստն ուսումնասիրելու նպատակով: Վարույթի շրջանակներում 14 ընկերություններ ընդհանրապես որևէ հիմնավորում կամ փաստարկ չեն ներկայացրել, իսկ մնացած 4 ընկերությունների կողմից ներկայացված փաստարկները կրել են տեխնիկական բնույթ, և այդ ընկերություններն, ըստ էության, ընդունել են հանձնաժողովի իրավական ակտով սահմանված ժամկետի խախտման փաստը:
Ելնելով այն փաստից, որ նշված ընկերություններից երկուսը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ են խախտել հաշվետվությունների և տեղեկատվությունների ներկայացման՝ հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետները, հաշվի առնելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով (42-րդ հոդվածի 5-րդ մասի «գ» կետով և 6-րդ մասով) սահմանված իրավակարգավորումները՝ քննարկման արդյունքում որոշվեց նշված ընկերությունների նկատմամբ կիրառել տուգանք՝ 250 000-ական ՀՀ դրամի չափով: Մնացած 16 ընկերություններին հանձնաժողովը որոշեց նախազգուշացնել:
Որոշումների մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի ինտերնետային կայքում` www.psrc.am:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով