Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ առաջիկա բանակցություններում հնարավոր են «անակնկալներ»

Մայիս 30,2018 12:26

«Առավոտ»-ի զրուցակիցն է 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը

– Պարոն Շահնազարյան, 1992-95 թթ. նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանն էիք, ԼՂ հարցով հիմնական բանակցողը թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբում, թե՛ այլ ձեւաչափերում: Հայաստանի նոր կառավարության կողմից հայտարարությունները ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ միանշանակ չընդունվեցին: ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահները գնահատականներ հնչեցրին: Ի՞նչ կարծիքի եք ընդհանրապես:

– Ձեր նշած հայտարարությունները չեմ մեկնաբանի, քանի որ երեք հայտարարություններում էլ առկա էր ներքաղաքական նպատակ: Ինչ վերաբերում է նոր կառավարության գնահատականներին, ապա` այո՛, տարաբնույթ արձագանքներ են եղել մի շարք միջազգային փորձագետների, ինչպես եւ Ադրբեջանի կողմից, բայց անշրջելի ոչինչ տեղի չի ունեցել, եւ երկրորդ՝ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարություններն Ազգային ժողովում իրատեսական էին:

– Այնուամենայնիվ, ակնկալվում էր, որ բանակցային գործընթացը պետք է աշխուժանա, սակայն Հայաստանում կառավարություն փոխվեց, մի շարք հայտարարություններ եղան բանակցային գործընթացի վերաբերյալ, դրանց ի պատասխան՝ տարբեր հայտարարություններ են հնչում Ադրբեջանից: Կցանկանայի ավելի մանրամասնեիք, որովհետեւ Դուք ԼՂ հիմնախնդրի եւ բանակցային գործընթացի լավագույն գիտակներից եք, տիրապետում եք ողջ գործընթացին, հանդիպումներ եք ունենում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, մշտապես շփումների մեջ եք Վլադիմիր Կազիմիրովի հետ: Պարոն Շահնազարյան, որքանո՞վ է այս իրավիճակը վտանգավոր հայկական կողմի համար, Հայաստանի պահվածքն այս իրավիճակում ինչպիսի՞ն պետք է լինի:

– ԼՂ հիմնախնդրում կան բազմաթիվ բաղադրիչներ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ունի բազմաթիվ շերտեր: Ձեր հարցերը, ինչպես նաեւ առհասարակ հասարակության մեջ քննարկումները վերաբերում են առավելագույնը երկու բաղադրիչի՝ բանակցային գործընթացին եւ ռազմական անվտանգությանը: Ձեր նախորդ հարցը նույնպես վերաբերում էր ԼՂ հիմնախնդրի բանակցային բաղադրիչի վերին շերտին միայն:

– Որո՞նք են այդ բաղադրիչները:

– Բոլոր բաղադրիչները չէ, որ կարելի է հրապարակայնացնել, առավել եւս՝ այդ բաղադրիչների շերտերը: ԼՂ հիմնախնդրի ամբողջական հայեցակարգը պետք է հիմնված լինի այդ բաղադրիչների վրա, եւ ընդհանուր հայեցակարգում, բոլոր բաղադրիչներում պետք է ամրագրվեն մարտավարական եւ ռազմավարական նպատակներն ու խնդիրները, ինչպես նաեւ անհրաժեշտ է բոլոր ուղղություններով տանել ներդաշնակ, փոխկապակցված աշխատանք:

Հաշվի առնելով միջնորդ երկրներից եւ Բաքվից ստացվող հայտարարություններն ու ազդակները, նաեւ Ադրբեջանի ներկայումս ծավալած արտաքին քաղաքական բարձր ակտիվությունը՝ նկատելի է, որ բոլորը բավական շտապում են: Փաստ է, որ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործընթացները որոշակի ազդեցություն են ունենում ԼՂ հիմնախնդրի վրա, ինչն ավելի քան բնական է: Հնարավոր է՝ առաջիկա բանակցություններում որոշ «անակնկալներ» մատուցվեն Հայաստանին:
Հաշվի առնելով նոր հնարավորությունները՝ Հայաստանը պետք է նախաձեռնողական քաղաքականություն վարի առաջին հերթին հենց բանակցային գործընթացում, որի համար լուրջ նախադրյալներ են ստեղծված, քանի որ ՀՀ-ում նոր կառավարություն է ձեւավորվել, առկա են խորքային նոր իրողություններ: Անհրաժեշտ է այնպես գործել, որպեսզի բանակցային գործընթացը լինի ոչ թե, այսպես ասած, Ադրբեջանի դաշտում, Բաքվի թելադրած օրակարգով եւ կանոններով, այլ հայկական կողմի: Բայց նշեմ, որ շատ ժամանակ չկա, պետք է արագ գործել: Էապես աճել է Հայաստանի միջազգային վարկը: Սրանք նոր իրողությամբ ստեղծված լրացուցիչ բաղադրիչ են ավելացրել ԼՂ հիմնախնդրում, եւ Հայաստանը ի զորու է ու պարտավոր նախաձեռնողականություն ցուցաբերել բանակցային գործընթացում:

Ասելով բանակցային գործընթաց՝ նկատի չունեմ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը: Դա բանակցային բաղադրիչի շատ կարեւոր, բայց, այնուամենայնիվ, սոսկ մի շերտն է:

– Թեեւ ասացիք, որ բոլոր բաղադրիչների մասին չեք կարող հրապարակայնորեն նշել, այդուամենայնիվ մի բաղադրիչի կամ շերտի հետ կապված հարցնեմ: Նախիջեւանի կողմում Ադրբեջանի ակտիվությունն ի՞նչ է նշանակում, զուտ քարոզչական նկատառումներո՞վ են ինժեներական աշխատանքներ տարվում, թե՞ ագրեսիվ մտադրությունների իրականացման նախապատրաստական աշխատանքներ են տարվում:

– Ադրբեջանը Հայաստան-Նախիջեւան սահմանում լարվածության անընդհատ աճի քաղաքականություն է վարում: Այդ կերպ նպատակ է հետապնդում առաջ քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ մի այլ բանակցային ձեւաչափ՝ Թուրքիայի մասնակցությամբ: Այլ մանրամասների վերաբերյալ առայժմ ձեռնպահ կմնամ հրապարակայնորեն արտահայտվել: Ի դեպ, հավելեմ, որ Ադրբեջանում, իշխանության ներսում սուր, անզիջում պայքար է ընթանում առանցքային պաշտոնների համար:

– Նշեցիք Հայաստանի համար բացված նոր հնարավորությունների, նախաձեռնողական քաղաքականության անհրաժեշտության մասին, իսկ արտաքին քաղաքական ոլորտում Հայաստանը ի՞նչ բարդությունների կարող է հանդիպել:

– Իհարկե, կարեւորագույն եւ ամենաբարդ ոլորտը ԼՂ հակամարտությունն է: Վստահ եմ՝ Վրաստան, Իրան, ԵՄ, ԱՄՆ եւ այլ արտաքին քաղաքական ուղղություններում լուրջ բարդություններ չեն լինելու: Բայց որոշ մտահոգություններ ունեմ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հարցում: Ռուսաստանի հետ հարաբերությունները չափազանց կարեւոր են Հայաստանի համար, Մոսկվան ԼՂ խնդրում կարեւորագույն դերակատարություն ունի: Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները երբեք պարզունակ չեն եղել, եւ Ռուսաստանը միայն Կրեմլը չէ՝ կան բազմաթիվ պետական եւ ոչ պետական ինստիտուտներ, որոնք ազդեցություն ունեն Կրեմլի վրա: Ռուսաստանն ուզում է Հայաստանում տեսնել իր համար հասկանալի եւ կանխատեսելի կառավարություն:
Հավելեմ՝ նոր կառավարության հաջողությամբ եւ արդյունավետությամբ, վստահ եմ, Հայաստանում շահագրգռված են անխտիր բոլորը, այդ թվում նաեւ՝ ներկայումս միակ ընդդիմություն հանդիսացող Հանրապետական կուսակցությունը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

30.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031