Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ կարծում՝ որևէ մեկը դրսից պետք է լուծի Հայաստանի ներքաղաքական հարցերը. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Deutsche Welle-ին

Մայիս 30,2018 12:25

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել է Deutsche Welle-ի ռուսական ծառայության «Նեմցովա․ Ինտերվյու» հաղորդաշարին: Վարչապետը խոսել է Հայաստանում տեղի ունեցած գործընթացների, Կրեմլի հետ հարաբերությունների և այն մասին, թե ինչ դերակատարում ունեցան սոցցանցերը հեղափոխության գործում:

«Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն ժողովրդի որոշմամբ, դա թավշյա և ժողովրդական հեղափոխություն էր՝ առանց բռնության, տեղի ունեցածը նորմալ գործընթաց էր: Գործընթացը, իմ վարչապետ ընտրվելը, Սահմանադրության, ՀՀ-ի օրենքների շրջանակներում էր»,- ասում է Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ իրականում տեղի ունեցավ Հայաստանում:

Ժաննա Նեմցովայի այն հարցին, թե Հայաստանում տեղի ունեցած գործընթացները որքանով են համապատասխանում «թավշյա հեղափոխություն» եզրին, Փաշինյանն ասում է. «Գիտեք՝ կախված է նրանից, թե ով ինչ է հասկանում թավշյա հեղափոխություն ասելով: Շատ են հարցնում՝ կարելի՞ է ասել, որ տեղի ունեցածը գունավոր հեղափոխություն էր: Չի կարելի: Գունավոր հեղափոխությունը ենթադրում է այն քաղաքական գործընթացները, որոնք շատ լայն աշխարհաքաղաքական համատեքստ ունեն: Մեր գործընթացում աշխարհաքաղաքական ոչ մի համատեքստ, ինչպես նաև արտաքին քաղաքական հարցեր չեն եղել, զուտ ներքին քաղաքական գործընթաց էր… Ինձ համար դա շատ կարևոր պահ է, քանի որ ազգային արժանապատվության և անձնական արժանապատվության հարց է, քանի որ չեմ կարծում, որ որևէ մեկը դրսից, կապ չունի՝ որտեղից, պետք է լուծի Հայաստանի ներքին քաղաքական հարցերը»:

Նիկոլ Փաշինյանը նաև շեշտում է, որ Հայաստանում արտաքին քաղաքական կուրսը չի փոխվել և չի փոխվելու:

Անդրադառնալով այն հարցին, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ինչո՞ւ չմիջամտեց հայաստանյան իրադարձություններին և չաջակցեց Սերժ Սարգսյանին՝ ՀՀ վարչապետն ասում է, որ պատճառը շատ պարզ է. «Հայաստանը անկախ, ինքնիշխան պետություն է»: Լրագրողի այն դիտարկմանը, որ սովորաբար Ռուսաստանի ղեկավարությունը շատ նյարդային է արձագանքում հետխորհրդային այլ պետություններում տեղի ունեցած հեղափոխություններին, բայց Հայաստանի դեպքում նման վերաբերմունք չդրսևորվեց, Փաշինյանը նկատում է. «Հայաստանը հետխորհրդային այլ պետություն չէ… Հայաստանը Հայաստան է: Կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները, իմ կարծիքով մեր երկրի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ սրտի թրթիռով ենք վերաբերում մեր անկախությանը և ինքնիշխանությանը»:

«Հայաստանը խաղաղ երկիր է, մենք խաղաղասեր ժողովուրդ ենք: Հույս ունեմ, որ դուք ագրեսիվություն չեք նկատել օրինակ Եվրամիության, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի և այլ երկրների նկատմամբ: Իհարկե, երբ պետք լինի, մենք կարող ենք պաշտպանել մեզ: Բայց մենք սերտ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ և համոզված եմ, որ դրանք ավելի կխորանան: Լավ հարաբերություններ ունենք ԵՄ-ի հետ, որոնք մտադիր ենք էլ ավելի զարգացնել: Մտադիր ենք նաև հարաբերությունները զարգացնել ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի և այն բոլոր երկրների հետ, որոնք հետաքրքրված են»,-ասել է Փաշինյանը:

Խոսելով Սոչիում մայիսի 14-ին ԵԱՏՄ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին՝ Փաշինյանն ընդգծում է, որ հենց գագաթնաժողովին եղել է շատ հաճելի մթնոլորտ, իսկ Պուտինի հետ քննարկել է բացառապես հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր, բարձրացվել է նաև արցախյան հակամարտության թեման:

«Կարևոր է ընդգծել, որ հարցի խաղաղ կարգավորման ճանապարհը միակ ուղին է, որը կարող է իրական լուծման բերել: Ուժային ոչ մի լուծում չկա: Կարծում եմ, որ դա ոչ միայն Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, այլ նաև ՌԴ-ի»,-ընդգծում է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ «կառուցողական երկխոսություն» է ունեցել նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարվող սպառազինության վերաբերյալ, սակայն չի հստակեցնում զրույցի մանրամասները:

Նեմցովան Փաշինյանից նաև հարցնում է, թե որքանով է կարևոր Facebook սոցիալական ցանցով շփվելու ձևաչափը: Ի պատասխան՝ Հայաստանի վարչապետը փաստում է, որ իր քաղաքական գործունեության և ցույցերի ընթացքում հեռուստատեսությունը փաստացիորեն փակ է եղել ընդդիմության համար: «Շատ կարևոր է ունենալ ժողովրդի հետ շփվելու այլընտրանքային ալիք: Այժմ ֆեյսբուքյան իմ էջը մեծ լսարան ունի, որը կարելի է համեմատել հեռուստատեսության լսարանի հետ: Երկխոսության շատ արդյունավետ միջոց է հանրության, քաղաքացիների հետ: Իհարկե, Facebook-ը շատ մեծ դեր խաղաց մեր հեղափոխության ընթացքում և շատ արդյունավետ ալիք էր տեղեկատվական հոսքերի համար, որպեսզի մարդկանց հրավիրենք ցույցերի»,-հավելել է Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031