ՀՀ Տավուշի մարզի Ենոքավանի գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ինքը առաջիկա շաբաթվա մեջ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացնելու. «Դա քննարկման ենթակա չէ։ Հիմա առողջական խնդիրներ ունեմ, դրանք կարգավորեմ, դուրս գալու դիմում կներկայացնեմ»։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո կանդամակցի ԵԼՔ-ին, թե ԲՀԿ-ին, գյուղապետը արձագանքեց. «Դա էլ ենթակա չէ քննարկման»։ Տեղեկացնենք, որ Ենոքավանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապական գյուղն է, բայց նա ծնվել եւ մեծացել է Իջեւանում։
Նույն մարզի Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը, անդրադառնալով իր ՀՀԿ-ից դուրս գալու տեղեկությանը, արձագանքեց. «Անհամբեր սպասում եմ գրասենյակը բացի, դիմում գրեմ։ Չեմ ուզում։ Ես նախկինում կպած չեմ ցանկացել, որ ՀՀԿ-ական լինեմ»։ Հարցին՝ այդ դեպքում ինչու է անդամագրվել նախկինում ՀՀԿ-ին, գյուղապետը նկատեց. «Հասկանալով, որ համայնքի ղեկավար ենք, պետք է կուսակցության մեջ լինենք, հանուն գյուղի մեր ժողովրդի, որ այդպես կարող ենք մի գործ անել, մտել ենք։ Հանուն մեր ժողովրդի, ուրիշ էլ ոչ մի բանի համար»։ Զրույցի ավարտին նա հայտարարեց, որ առաջիկայում ինքը ՀՀԿ-ից դուրս գալուց հետո ոչ մի կուսակցության չի անդամակցի։
Տավուշի մարզի Լուսահովիտի գյուղապետ Արայիկ Սարհատյանը եւս մտադիր է դուրս գալ ՀՀԿ-ից. «Հնարավոր է դուրս գամ։ Իսկ այլ կուսակցություններին անդամակցելու մասով դեռ չեմ կողմնորոշվել։ Ես կնախընտրեմ ԵԼՔ-ը»։ Չնայած, նկատենք, որ «Ելք»-ը կուսակցությունների դաշինք է, այլ ոչ թե առանձին կուսակցություն, եւ իշխանության ղեկին հիմա «Ելք»-ի մաս կազմող ՔՊ-ն է:
Սյունէ ՀԱՄԲԱՐԶՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում