Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատյան բակալավրիատ» ծրագիրն ուսումնասիրելու խնդիր իսկապես կա. «Հրապարակ»

Մայիս 30,2018 12:03

Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը միակն էր վերջին նախարարներից, որ հենց սկզբից գլխի ընկավ՝ կարելի է գոնե ստուգումներ անցկացնել «Այբ»-ի մոգոնած կրթության գերազանցության ծրագրում ու հասկանալ, թե ինչի համար են բյուջեից հարյուրավոր միլիոններ տրամադրվել դրա համար։ Խոսքն «Այբ» հիմնադրամի ղեկավարների, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանի ակտիվ ջանքերով ներդրված մի անհասկանալի ծրագրի մասին է, որը կոչվում է կրթության գերազանցության ծրագիր, եւ այն դրա հեղինակներն անվանել են «Արարատյան բակալավրիատ», եւ որի մասին մենք անցյալում բազմիցս գրել ենք։ Այն առանց մրցույթի, առանց լայն շրջանակների հետ քննարկման ընդունված ու բազմաթիվ քննադատությունների արժանացած ծրագիր է, որը, եթե կարճ ձեւակերպենք, բյուջեից տրամադրված փողերի հաշվին պիտի Հայաստանի դպրոցներում տարածի «Այբ»-ի «ուսմունքը»։ Սակայն առայսօր որեւէ մեկը դրա ռազմավարական նշանակությունը դեռ համոզիչ չի հիմնավորել։ Այս ծրագրի ներդրումը սկսվել է ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի ժամանակ, որի զավակները սովորում են «Այբ»-ում, բնականաբար՝ Սերժ Սարգսյանի «դաբրոյով», քանի որ ծրագրի ետեւում ՀՀ նախագահի խորհրդական, «բիզնես-հոգեւորական», «Այբ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանն է կանգնած։

Արայիկ Հարությունյանն օրեր առաջ իր գրառմամբ իրական փոթորիկ բարձրացրեց դաշտում, երբ հայտարարեց, որ հանձնարարել է «Արարատյան բակալավրիատի» ֆինանսական աուդիտ անցկացնել՝ նշելով. «Շարունակում եմ համարել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է»։ Հետո էլ ավելացրել է. «Կրթական օլիգարխը խուճապի մեջ է»։ Այս հայտարարություններին, բնականաբար, հետեւեց Տեր Մեսրոպի արձագանքը, եւ պատերազմ սկսվեց «Այբ»-ի ու ԿԳ նախարարի «ֆանատների» միջեւ։ Իսկ դպրոցի հոգաբարձու եւ հովանավոր Դավիթ Յանը հայտարարեց, որ եթե նախարարը չվերանայի իր վերաբերմունքն «Այբ»-ի նկատմամբ, ինքը կհրաժարվի 40 միլիոնի ներդրում անելուց։

Մենք զրուցեցինք կրթության հարցերով փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանի հետ։ Նա ասաց, որ իսկապես այդ ծրագիրն ուսումնասիրելու խնդիր կա. «Որովհետեւ ժամանակին որոշակի հարցադրումներ կային, թե ինչու ընտրվեց հենց էդ ծրագիրը, արդյոք դա՞ էր լավագույն տարբերակը։ Էս տեսակի քննարկումների պակաս կար։ Հիմա կարծում եմ, որ լավ կլինի՝ ֆինանսականից բացի նաեւ որոշակի ծրագրային քննարկումներ լինեն»։ Բայց Խաչատրյանը դեմ է նաեւ, որ անձնավորված գնահատականներ տրվեն, ճիշտ չի համարում սկսված ծրագիրն ամբողջությամբ փակելը։ «Պետք է նստել ու մտածել, թե ինչպես կարելի է էդ ծրագիրը համադրել այլ ծրագրերի հետ եւ նպաստել կրթության զարգացմանը։ Ես՝ ինքս, դեմ եմ գերազանցության կենտրոններին, բայց կողմ եմ գերազանցության համակարգին»,- ասաց նա՝ նկատելով, որ այս ծրագրին տարեկան պետք է հատկացվի մոտ 660 միլիոն դրամի գումար ու պարբերաբար, եւ այդ ծրագրով աշխատող ուսուցիչները պետք է բարձր աշխատավարձ ստանան։

Հիմա, եթե ստուգումներ անցկացվեն, ու պարզվի, որ այդ գումարները նպատակին չեն օգտագործվել, ու ծրագիրը չարժե այդ ծախսերին, դրանք պետք է հետ վերադարձվեն բյուջե։ Խաչատրյանն ասաց. «Դա արդեն չգիտեմ, եթե չարաշահումներ կան՝ հա, եթե չկան… մի բան կարող եմ հաստատ ասել, որ էդ ծրագրի շրջանակներում իսկապես ընտրվել են լավ ուսուցիչներ, մի 103 հոգի ընտրվել են, որոնց մեծ մասին ճանաչում եմ՝ նորմալ մարդիկ են ընտրվել։ Հիմա, եթե էս ծրագիրը ստոպ տանք, նաեւ էս խնդիրը կլինի, որ էդ մարդիկ մի տարի եկել են, եվրապատրաստվել են, եկել են ինչ-որ ակնկալիքով, հիմա եթե մենք իրենց ասենք՝ վեր կացեք գնացեք տուն, ճիշտ չի լինի»:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031