Լրահոս
Օրվա լրահոսը

«Բիզնեսմենները պարտադիր պետք է լինեն ե՛ւ ԱԺ-ում, ե՛ւ կառավարությունում». Հակոբ Հակոբյանը հակադարձում է նոր իշխանությանը

Մայիս 30,2018 12:05

Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Հակոբ Հակոբյանին ասացին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է գործարարներին, որ նրանք, ովքեր հարկերը չեն վճարել, գան հարկային դաշտ, նույնիսկ նախկինում չկատարած հարկային պարտավորությունները վճարեն եւ բանը չհասնի նրան, որ ԱԱԾ-ն միջամտի, դուք այս առումով մտավախություններ չունե՞ք, ամբողջովին հարկային դաշտո՞ւմ եք աշխատել, թե՞ ունեք չկատարած հարկային պարտավորություններ: Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Ես լսել եմ պարոն վարչապետի հորդորը: Մեր արտադրանքները «Կիլիկիա» գարեջրի գործարանի դրոշմապիտակավորվում ու դուրս են գալիս: Դուք ինքներդ խանութներում տեսեք՝ առանց դրոշմապիտակավորման եթե կա՝ ասեք, եթե չկա, ուրեմն նշանակում է, որ դա հնարավոր չի, որ չվճարվի»:

ԱԱԾ-ի հայտնաբերած հանցավոր սխեմայի առնչությամբ Հակոբ Հակոբյանը վստահեցրեց, որ երբեւէ «Նորֆոլկ Քոնսալթինգի» հետ չի առնչվել. «Ինչ վերաբերում է Երեւան սիթիի գործունեությանը, ես կարող եմ «Կիլիկիա» գարեջրի գործարանի եւ «Երեւան սիթիի» հարաբերություններով ասել, որ մենք 100 տոկոսով աշխատել ենք փաստաթղթավորված»:

Նոր իշխանությունները, մասնավորապես՝ փոխվարչապետն ասել է, որ բիզնեսմենները այլեւս չպետք է մտնեն ԱԺ: Այս առնչությամբ Հակոբ Հակոբյանը չհամաձայնեց. «Ես համամիտ չեմ էդ կարծիքի հետ: Կոնկրետ ես իմ մասին եմ ասում եւ ինձանով եմ այդ հարցին նայում: Ես 10 տարի եղել եմ պատգամավոր, որը զբաղվել է բիզնեսով, շատ մեծ օգուտներ եմ տվել մեր տնտեսությանը՝ օրենքների ստեղծման հարցում: Կարծում եմ, որ փորձառու մարդիկ, ովքեր գալիս են ԱԺ ոչ թե իրենց շահը պահելու, այլ երկրի շահը պաշտպանելու համար, էդ կարգի մարդիկ պարտադիր պետք է լինեն ե՛ւ ԱԺ-ում, ե՛ւ կառավարությունում: Հակառակ դեպքում անփորձ մարդը չի կարող այնպիսի օրենքներ մշակել, որ տնտեսվարողի համար ընդունելի լինի նորմալ աշխատել»:

Եթե այնպիսի մեխանիզմներ մշակվեն, որ Հակոբ Հակոբյանը, Սամվել Ալեքսանյանը եւ մյուս գործարարները չկարողանան մտնել ԱԺ, ռեյտինգային ընտրակարգը հանեն, Հակոբ Հակոբյանն ասաց, որ ինքը համամասնական ցուցակով չի մասնակցի ընտրությանը. «Եթե եղավ մեծամասնական համակարգ, ես մասնակցելու եմ: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր տարածք իր պատգամավորը պետք է ունենա: Եթե հանեն, ես որեւէ կուսակցության ցուցակով չեմ գնա»:

Aravot.am-ի հարցին՝ ասում եք, որ նորմալ է, որ գործարարը մտնի ԱԺ եւ օրենսդիր գործունեությամբ զբաղվի, այստեղ չկա՞ շահերի բախում, դուք ինչպե՞ս կարող եք օրենքներ ընդունել, որոնք ձեր բիզնեսին վնաս են՝ նա պատասխանեց. «Եթե դուք իմ 10 տարվա անցած ճանապարհն ուսումնասիրեք, նման հարց չեք տա, որովհետեւ ես երբեք ԱԺ-ում իմ անձնական շահը չեմ ներկայացրել, երբե՛ք եւ չեմ էլ ներկայացնի»:

Շահերի բախում կա, ակնհայտ է, չէ՞ դա, հենց այնպես չեն օրենքով արգելում, որ գործարարությամբ պատգամավորը չպետք է զբաղվի՝ Հակոբյանը պատասխանեց. «Ինձ համար գոյություն ունի երկրի շահ: Երկրի շահն ինձ համար ամեն ինչ է: Եթե երկիրը շահ ունի, այդ շահից օգտվում ենք եւ ես, եւ դուք եւ բոլորը»:

Մեր հարցին՝ հիմա իշխանությունները գտնում են, որ երկրի շահին հակասում է, որ օլիգարխը մտնի ԱԺ եւ զբաղվի օրենսդիր գործունեությամբ՝ Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Օլիգարխ ես հասկանում եմ, որ ինչ-որ պետական պաշտոնյաների տանիքի ներքո են աշխատում, ես նման մարդ չեմ եղել եւ չեմ էլ լինի: Ես ինձ օլիգարխ չեմ համարում, ես ինձ համարում եմ գործարար՝ գործարարությամբ զբաղված մարդ, որը ամբողջ կյանքում՝ նախորդ հանրապետությունում, կոմունիստների ժամանակից նույն ոճով աշխատել եմ եւ հիմա շարունակում եմ: Եթե նման որոշում կայացվի, որ փորձառու մարդը…կարող է փորձառու լինել եւ բիզնեսմեն չլինել, չնայած քիչ հավանական է դա, ես գտնում եմ, որ նաեւ էդ մարդիկ պետք է լինեն ԱԺ-ում»:

Մեր հարցին՝ եթե դուք տանիք չեք փնտրում եւ հարկային դաշտում եք աշխատում, ինչպես պնդում եք, այդ դեպքում գործարարը պիտի զբաղվի գործարարությամբ, ի՞նչ գործ ունեք դուք օրենսդիր մարմնում՝ նա պատասխանեց. «Էսքան ժամանակ որեւէ մեկը լսե՞լ է, որ ինչ-որ մեկը ինձ տանիք լինի, թող ասի»:

Հարցին՝ ինչների՞դ է պետք է պատգամավորական մանդատը, եթե բիզնեսմեն եք՝ նա պատասխանեց. «Իմ երկրի համար սիրտս ցավում է: Ուղղակի դուք մի քիչ ուրիշ ձեւի եք մտածում, ես՝ ուրիշ ձեւի: Դա է տարբերությունը: Դուք միգուցե քիչ եք տեսնում մարդիկ, որոնց սիրտը իրոք ցավում է երկրի համար: Իսկականից իմ սիրտը իմ երկրի համար ցավում է»:

Հակոբ Հակոբյանն ասաց, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն ինքը չի զգում. «Եթե զգամ, որ կառավարության ծրագրերը գալիս են ԱԺ եւ չեն ընդունվում, էդ դեպքում ես ինքս կառաջարկեմ լուծարել ԱԺ-ն, բայց քանի որ ես կարծում եմ, որ որեւէ խոչընդոտ ԱԺ-ն չի առաջացնի կառավարությանը, եթե երկրի անվտանգության հետ կապված հարցեր չլինեն, համենայնդեպս, ես կողմ եմ լինելու ցանկացած ներկայացրած կառավարության ծրագրին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031