ՀՀԿ շատ ներկայացուցիչներ տարիներ շարունակ թաթախված են եղել կոռուպցիոն տարբեր երեւույթների մեջ եւ հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը համատարած ապօրինություններին ձեռնոց է նետում, բոլոր ՀՀԿ-ականներն այս կամ այն կերպ անցնում են տարբեր գործերով։ Եվ որպեսզի կարողանան ջրից չոր դուրս գալ, պատրաստ են զոհաբերել իրենց կուսակցական մանդատը։ Օրրնակ՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանի որոշումը կապվում է մի պատմության հետ։ Իհարկե, միգուցե նա իր պատճառներն է ունեցել այդպես վարվելու, սակայն չի բացառվում, որ այդ որոշումը կապված է նաեւ իր եղբոր կնոջ անվան հետ։ Խոսքը Երեւանի թիվ 59 մանկապարտեզի տնօրեն Անուշ Գեւորգյանի մասին է։
Խոսքը 285 հազար դոլարով այդ մանկապարտեզում արված վերանորոգման մասին է։ Բանն այն է, որ ԱՄՆ դեսպանատան ծրագրով վերանորոգման հետեւում իրականում այլ բաներ կան թաքնված, որոնք էլ այս օրերին ջրի երես են դուրս եկել։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արթուր Գեւորգյանը փորձեց ամեն կերպ խուսափել հստակ պատասխաններից։ «Վերանորոգումը կատարել է Միացյալ Նահանգների դեսպանատունը, եւ ոչ ոք իրավունք չի ունեցել միջամտելու աշխատանքներին, հետեւելու որակին, որն իմիջիայլոց բարձր որակի է եղել, եւ այն նյութերը, որոնք օգտագործել են իրենք, իրենց ստանդարտներով է որոշված։ Ո՛չ վարչական շրջանը, ոչ վարիչը չեն կարող կապ ունենալ դեսպանատան կողմից իրականացված ծրագրերին»։
Ճշտող հարցին՝ Ձեր եղբոր կինն անազատության մե՞ջ է, նա պատասխանեց. «Անհեթեթ բաներ եք գրում, այդ թեմայով խնդիր չի եղել»։
Միեւնույն ժամանակ հարցին՝ ինչ փոխվեց երկու շաբաթում, որ որոշեցիք դուրս գալ կուսակցությունից, քանի որ դեռ մայիսի 16-ին նշել էիք, թե առայժմ չեք պատրաստվում այդպես վարվել, նա նշեց. «Ոչինչ։ Առայժմ ոչը նշանակում է առայժմ ոչ»
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում