ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Հակոբ Հակոբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հերքեց լուրերը, թե ինքը որոշել է դուրս գալ ՀՀԿ-ից. «Որեւէ անգամ որեւէ մեկին ես նման բան չեմ ասել եւ չեմ էլ ասելու, քանի որ չեմ պատրաստվում դուրս գալ ՀՀԿ-ից»:
Հարցին՝ հնարավո՞ր է այնպիսի մի իրավիճակ ստեղծվի, որ ՀՀԿ-ն, որն այսօր մեծամասնություն է ԱԺ-ում, դառնա փոքրամասնություն, բոլորը լքեն այս խմբակցությունը՝ Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, չեմ կարող ուրիշների փոխարեն պատասխանել, ես իմ փոխարեն կարող եմ ասել: Ես դուրս չեմ գալու ՀՀԿ-ից»:
Լրագրողները ճշտեցին՝ չեք լքելու ՀՀԿ-ն, նույնիսկ եթե փոքրամասնությո՞ւն դառնա՝ նա պատասխանեց, որ իրեն ճանաչում են շատերը. «Ես նման մարդ չեմ, որ լավ ժամանակներում կողքները լինեմ, վատ ժամանակները գնամ»:
Թե ինչպե՞ս է գնահատում իր մյուս գործընկերների՝ ՀՀԿ-ից դուրս գալը, նրանք վատ ժամանակներից խուսափողնե՞ր են, կերակրատաշտից օգտվողերն ու լքողնե՞րն են՝ նա պատասխանեց. «Ուրիշի փոխարեն ես չեմ կարող մեկնաբանել»:
Լրագրողները հիշեցրին՝ ձեր վատ ժամանակների ժամանակ ՀՀԿ-ն կարծես ձեր կողքին չէր «Կիլիկիան»տեւական ժամանակ դատական գործընթացների մեջ էր, հարկային խնդիրներ ուներ՝ Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Կիլիկիան տնտեսական գործունեություն է, պատգամավորը՝ քաղաքական, մեկը մյուսի հետ կապ չունի: Ես միշտ ասել եմ ու նույն համոզմունքին եմ, որ ես երբեք պատգամավոր չեմ եկել դառնամ, որ բիզնես պահեմ, շատերի համար նման լուրեր են պտտվում: Ես եկել եմ պատգամավոր, որ կարողանամ իմ երկրին որեւէ հարցով օգուտ տալ: Դուք իմ աշխատանքները տեսնելով՝ համոզված կլինեք, որ ես 10 տարիների ընթացքում այդպես եմ աշխատել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ