Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ օրակարգում հրաժարականի հարց չկա»

Մայիս 30,2018 10:52

Հարցազրույց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ

– Պարոն Հակոբյան, ըստ մամուլի տեղեկությունների՝ մի շարք մարզպետներ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել, Դուք նման դիմում գրե՞լ եք, եթե ոչ՝ ե՞րբ եք պատրաստվում:

– Չեմ գրել եւ նման ծրագիր չունեմ: Ես շարունակում եմ իրականացնել Սյունիքի մարզպետի պարտականությունները, կան ընթացիկ շատ ծրագրեր, որոնք պետք է ավարտին հասցնենք:

– Ծանոթ չե՞ք տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, որ բոլոր մարզպետները պետք է փոխվեն:

– Նման հորդորով որեւէ մեկն ինձ չի դիմել այս օրերի ընթացքում: Ստանձնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը՝ ես եւ իմ թիմը բազմաթիվ կարեւոր նախագծեր ենք ձեռնարկել, որոնց մի մասը դեռեւս ընթացքի մեջ է: Հրաժարականի դիմում ներկայացնելն ու այդ ծրագրերն ավարտին չհասցնելը խոստումը դրժելու փորձ կդիտվեն, իսկ դա դեմ է իմ սկզբունքներին:

– Կմանրամասնե՞ք՝ ի՞նչ նախագծերի մասին է խոսքը, եւ ի՞նչ միջոցներով են դրանք իրականացվում։

– Բոլորին հայտնի է, որ մարզպետի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո իմ նախաձեռնությամբ ստեղծվեց «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամը», որի նպատակն է մասնավոր միջոցների ներգրավմամբ լուծում տալ մարզում առկա խնդիրներին: Հիմնադրամի միջոցներով իրականացվում են կրթության, առողջապահության, քաղաքաշինության, սոցիալական ապահովության ոլորտներում ամենատարբեր ծրագրեր, կառուցվել է գերժամանակակից կինոթատրոն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համատեղ վերակառուցվում է մարզի զարգացման համար գերկարեւոր նշանակություն ունեցող Կապանի օդանավակայանը, սուբսիդավորվում է հասարակական տրանսպորտը եւ այսպես շարունակ։ Եթե խոսենք թվերով, ապա այս կարճ ժամանակահատվածում հիմնադրամի միջոցներով մարզի զարգացմանը շուրջ 500 միլիոն դրամ է ուղղվել։ Կրկին նշեմ, որ այս միջոցները ձեւավորվել են բացառապես մասնավոր սեկտորի կողմից, հիմնական դոնոր է հանդիսացել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ինչպես նաեւ այն մեր գործընկերները, ովքեր սրտացավ են Սյունիքի ապագայի հանդեպ եւ, վստահելով մեր թիմին, ունենում են իրենց ներդրումը։ Մեր ներկայությունը կառավարությունում իրենց համար հանդիսացել է երաշխիք, ինչն անխոս խիստ պարտավորեցնող է։

– Այնուամենայնիվ, եթե նոր կառավարությունը պահանջի, որ հրաժարական տաք, ինչպե՞ս կվարվեք:

– Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ մարզպետներին նշանակում եւ ազատում է կառավարությունը: Հետագա զարգացումները կախված կլինեն Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարի ընդունած որոշումներից: Կրկնում եմ՝ ինձ աշխատանքից ազատման դիմում գրելու հորդոր չի եղել, եւ իմ օրակարգում հրաժարականի հարց չկա:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

30.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ says:

    ՛՛Հանրային ծառայության մասին” ՀՀ նոր օրենքը, որը ուժի մեջ է 2018 թվականի ապրիլի 9-ից, ասում է հետևյալը՝

    ՛՛Հոդված 6. Վարչական պաշտոնները

    3. Վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձը, որպես ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է պաշտոնավարել մինչև իր պաշտոնում նոր նշանակում կատարելը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Նոր նշանակումը կատարվում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի նշանակման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
    4. Պետական վարչական պաշտոններն են ․․․ մարզպետների և նրանց տեղակալների ․․․ պաշտոնները:՛՛

    Փաստորնե՝ մարզպետների դեպքում վերադասը Կառավարությունն է, որը փոխվել է 2018 թվականի մայիսի 8-ից, այս պահին բոլոր մարզպետները համարվում են ժամանակավոր պաշտոնակատարներ, և հրաժարականի դիմում գրելու կամ նրանց այդ առումով հորդորելու անհրաժեշտություն չկա՝ նրանց ազատելու համար։ Նրանք մեկ ամսվա ընթացքում պետք է կամ վերանշանակվեն կամ նոր նշանակում կատարվելու դեպքում համարվեն ազատված իրենց պաշտոններից կամ մինչև նոր նշանակումները կարող են նաև հրաժարական տալ ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից, ինչպես օրինակ ՝ Շիրակի մարզպետի դեպքում եղավ։
    Այնպես որ անիմաստ է մարզպետների հրաժարականների մասին խոսելը, նրանք ներկայումս ժամանակավոր պաշտոնակատարներ են, և չգիտես ինչու՝ այս մասին ոչ նոր կառավարության պատասխանատուները գիտեն, ոչ էլ գործող մարզպետները։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031